
Թուրքիայում «Իսլամական պետության» 38 ներկայացուցիչ է ձերբակալվել

Թուրքական ոստիկանությունը Բուրսա նահանգի Յըլդըրըմ, Օսմանգազի և Ինեգյոլ շրջաններում գտնվող 11 հասցեներում իրականացված միաժամանակյա հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է 38 անձի, ովքեր կասկածվում են «Իսլամական պետության» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման անդամ լինելու մեջ: Այս մասին, հայտնում է թուրքական «Հաբերլեր»-ը:
Հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալված 38 անձինք էլ Սիրիայի քաղաքացիներ են:
Այս հասցեներում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են կրիչներ և այլ թվային նյութեր, որոնք ապացուցում են ձերբակալվածների՝ ԻՊ-ի հետ կապ ունենալու հանգամանքը:
Թուրքիայի Ադանա քաղաքում դեկտեմբերի 26-ին հայտնաբերվել և ձերբակալվել էին «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման 12 անդամներ:
Ոստիկանությանը հայտնի դարձած տվյալների համաձայն` խումբը պատրաստվում էր ահաբեկչություն իրականացնել ամանորյա տոներին:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը ակտիվ գործունեություն է ծավալում Թուրքիայի տարածքում և մինչ օրս այստեղ իրականացրել է մոտ 15 հարձակում, բազմաթիվ հարձակումներ էլ նախապես կանխվել էին: