
Զորակոչի ընթացքում 18-27 տարեկանները երկրից դուրս գալիս պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ

ՀՀ կառավարության «2017 թվականի ձմեռային զորակոչը կազմակերպելու մասին» որոշմամբ` զորակոչի ընթացքում սահմանային անցման կետերում, այդ թվում` օդանավակայանում, 18-27 տարեկան անձինք երկրից դուրս գալիս պետք է ներկայացնեն զինվորական գրքույկ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը, իրենք մինչ այս պահն իրենց ուղևորներից ահազանգ չեն ստացել այդ որոշման հետ կապված որևէ խնդրի վերաբերյալ:
«Երբ մամուլում տեսանք հրապարակումները, որ անհանգստություն կա, մենք ապահովության համար առանձնացրեցինք այն ուղևորներին, ովքեր դասակարգված են այդ տարիքային խմբում, բոլորին զանգահարեցինք ու զգուշացրինք, որ ներկայանան զինվորական գրքույկներով, որևէ խնդիր չկա»,-ասաց Գևորգ Խաչատրյանը:
Այսօր մամուլում առկա էին հրապարակումներ, թե «Զվարթնոց» օդանավակայանում խուճապ է, 18-27 տարեկան անձանց թույլ չեն տալիս ինքնաթիռին մոտենալ զինվորական գրքույկ չունենալու պատճառով:
ՀՀ կառավարության 2017 թվականի նոյեմբերի 2-ի որոշման 13-րդ կետի համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրենին հանձնարարվել է` զորակոչից խուսափելու դեպքերը կանխելու նպատակով զորակոչի ընթացքում ուժեղացնել վերահսկողությունը Հայաստանի Հանրապետության սահմանային հաղորդակցության ուղիներում և զորակոչային տարիքի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանրապետությունից մեկնումը թույլատրել միայն զինվորական գրքույկներում զինվորական ծառայությունն ավարտելու կամ հիվանդության պատճառով պահեստազորում գտնվելու, իսկ ամրակցման (նախնական հաշվառման) վկայականներում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից օգտվելու մասին զինվորական կոմիսարիատների համապատասխան նշումների առկայության դեպքում:
2017 թվականի ձմեռային զորակոչն անցկացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` 2017 թվականի նոյեմբեր – 2018 թվականի հունվար ամիսներին: