
Առնվազն 20 պաղեստինցի է տուժել իսրայելցի զինվորականների հետ բախումների հետևանքով. Al Mayadeen

Հորդանան գետի Արեւմտյան ափին առնվազն 20 պաղեստինցի է տուժել իսրայելցի զինծառայողների կողմից արցունքաբեր գազի կիրառման հետեւանքով: Այդ մասին հայտնել է Al Mayadeen հեռուստաալիքը:
Նրա տեղեկատվությամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Նաբլուսում՝ Արեւմտյան ափի ամենախոշոր քաղաքում, Երուսաղեմի վերաբերյալ ԱՄՆ-ի որոշման դեմ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում: Նշվում է, որ եւս երկու պաղեստինցի պատանիներ լուրջ վերքեր են ստացել Իսրայելի քաղաքացիների հետ բախումների հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ եկել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ժամանակը, եւ կարգադրել է սկսել նախապատրաստվել ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այդ քաղաք տեղափոխելուն:
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 128 ձայնի մեծամասնությամբ բանաձեւ է ընդունել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ՝ ի պատասխան Թրամփի որոշման: Փաստաթղթին դեմ է արտահայտվել ինը երկիր՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, ԱՄՆ-ը եւ Տոգոն, եւս 35 երկրներ քվեարկության ժամանակ ձեռնպահ են մնացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: