«Զարմանալի քաղաքականություն է. ԱՄՆ-ը Հայաստանին աջակցում է, իսկ մենք քվեարկում ենք նրա դեմ». Ստեփան Գրիգորյան
«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային հետազոտությունների վերլուծական կենտրոն» հ/կ նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը զարմացած է այն փաստից, որ Հայաստանն օրերս կողմ է քվեարկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի այն բանաձևին, որն ուղղված էր ԱՄՆ-ի դիրքորոշման դեմ.
«Զարմացած եմ ոչ միայն այն պատճառով, որ պետք է հզոր երկրի դիրքորոշումը հարգես, այլ Հայաստանն ընդհանրապես այդ պրոցեսում չկար։ Դուք լսել եք, որ 25 տարվա մեջ Հայաստանի կառավարությունը կարծիք ասի իսրայելապաղեստինյան հակամարտության մասին։ Այնտեղ այնպես խճճված է իրավիճակը, որ նրանք, ովքեր զբաղվում են այդ հարցով, չեն կարողանում տակից դուրս գալ, գլուխ չեն հանում։ Հայաստանը չպետք է մասնակցեր այդ քվեարկությանը, նույնիսկ սխալ կլիներ, եթե մենք մասնակցեինք ու ձեռնպահ լինեինք։ Հայաստանն առհասարակ չպետք է մասնակցեր այդ քվեարկությանը, ինչպես Վրաստանը, Ուկրաինան, Չեխիան, Լատվիան, որոնք աշխատում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։ Հայաստանը պետք է հետևեր նրանց օրինակին»։
Քաղաքագետը նկատեց՝ մեր իշխանավորները մեկ-մեկ մոռանում են՝ ումից են աջակցություն ստանում. «ՀՀ-ին աջակցում են միայն ԱՄՆ-ը, ԵՄ-ն, Ճապոնիան: Փաստորեն, մեզ աջակցում են, մենք էլ քվեարկում ենք նրանց դեմ: Սա շատ զարմանալի քաղաքականություն է։ Մեզ չի աջակցում Ռուսաստանը, բայց Ռուսաստանի ուզածով ենք քվեարկում։ ՀՀ-ի համար այդ քվեարկությունը հետևանքներ կունենա․ հարցը, որն ընդհանրապես հայ ժողովրդի հետ կապ չունի»: