«Բանդայի» հայտնի գործով դատապարտյալի՝ հիվանդանոցից փախուստի փորձը մանրամասն պլանավորված է եղել
«Արմենիա» բժշկական կենտրոնում «Բանդայի» հայտնի գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանի փախուստի փորձի, ինչպես նաև հիվանդանոցում հնչած կրակոցների գործով նախաքննությունն ավարտվել է:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան այդ մասին հայտնեցին Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ Դավիթ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, իսկ նրա ընկերոջը՝ Վլադիմիր Մինասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 38-34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 2-ին «Արմենիա» բժշկական կենտրոնում կրակոցներ էին հնչել, ավելի ուշ հայտնի դարձավ, որ «Բանդայի» գործով անազատության մեջ գտնվող Դավիթ Գալստյանին տեղափոխել են բժշկական կենտրոն հետազոտման նպատակով այդ ընթացքում մեկ այլ անձ է մուտք գործել նրան հիվանդասենյակ և կրակել է հատակին:
Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին հաջողվել էր վնասազերծել դատապարտյալի հիվանդասենյակ մուտք գործած և կրակ արձակած անձին, սակայն այդ ընթացքում դատապարտյալը խլել է ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի զենքը և ևս կրակել է հատակին, որից հետո փախուստի էր դիմել, թեև հիվանդանոցից դուրս գալ չէր հաջողվել. նրան ևս վնասազերծել էին:
«Բանդայի» հայտնի գործով դատապարտյալի հիվանդասենյակում կրակոցներ են հնչել. Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք վնասազերծվել են
Դեպքի վերաբերյալ մեզ որոշ մանրամասներ է հայտնի դարձել, Դավիթ Գալստյանը ով պատիժը կրել է «Արթիկ» ՔԿՀ-ում «Գյումրի» ԲԿ-ում հետազոտման է ենթարկվել և նրա մոտ ստորի վերջույթների վարիկոզ հիվանդություն է ախտորոշվել՝ վիրահատության ցուցումով:
Այդ մասին Գալստյանը, քրեակատարողական հիմնարկում գտնվելով, տեղեկացրել է իր ընկերոջը՝ Վլադիմիր Մինասյանին և խնդրել հետաքրքրվել վիրահատության արժեքի մասին:
Դատապարտյալը թույլտվություն է ստացել՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում մեկ օրով հետազոտվելու համար, սակայն հետագայում ընկերոջը խնդրել է մեկ այլ ԲԿ-ում ևս վիրահատության արժեքը պարզել:
Օգտվելով այն հանգամանքից, որ առկա է քաղաքային հիվանդանոց տեղափոխելու թույլտվություն, դատապարտյալը որոշել է առիթն օգտագործելով Վլադիմիր Մինասյանի օգնությամբ փախուստի դիմել հիվանդանոցից:
Ներկայացնելով իրավիճակն այնպես, թե իրեն թույլատրվել են տեղափոխել «Աստղիկ» ԲԿ ոտքերի հիվանդության պատճառով, սակայն հարազատները պայմանավորվածություն են ձեռքբերել «Արմենիա» ԲԿ-ի համապատասխան բժշկի հետ՝ այդկերպ կարողացել է ՔԿՀ-ից դուրս գալ:
Ըստ որոշ տեղեկությունների, փախուստը մանրամասն պլանավորված է եղել, նույնիսկ ավտոմեքենա են վարձակալությամբ վերցրել, իսկ զենքը որից հիվանդանոցում կրակոց է արձակվել՝ մինչև Գալստյանի դատապարտվելը նրա կողմից ձեռքբերված և թաքցված է եղել Իսակովի պողոտայում գտնվող նկուղներից մեկում:
Հիվանդանոցում բժիշկը զննելով Գալստյանին հայտնել է, որ վիրահատության նպատակով անհրաժեշտ է ստացիոնար հետազոտություն, սակայն ՔԿՀ աշխատակիցները բժշկին տեղեկացրել են, որ այդ պահին ստացիոնար հետազոտության թույլտվություն չունեն և որ նախ և առաջ դրա համար անհրաշետ է բժշկի եզրակացությունը ներկայացնեն քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունը:
Եվ հենց այդ ընթացքում մինչ բժիշկը եզրակացություն է պատրաստել որպեսզի ՔԿՀ ղեկավարությանը ներկայացվի՝ դատապարտյալը և նրա ընկերը գործի են անցել: Գալստյանը վճարովի հիվանդասենյակ է տեղափոխվելուց հետո ժամանակ չեն կորցրել՝ հնչել են կրակոցներ, փախուստի փորձ է կատարվել, ինչը կանխվել է ՔԿՀ աշխատակիցների կողմից: