«Շատ կարևոր է, որ չվրիպենք այստեղ». Արման Նավասարդյան

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը 2017թ. ամենամեծ և ամենակարևոր քաղաքական իրադարձությունը համարում է ՀՀ-ԵՄ համագործակցության մեկնարկը։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն  այնպիսի փաստաթուղթ է, որի իրագործումը խիստ շաղկապված է հայկական կողմի հետ.

«Սա երկկողմ փաստաթուղթ է, եթե մենք չունեցանք այն, ինչ պետք է ունենանք, ապա այդ բոլորը կմնա՝ ձայն բարբառոյ յանապատի։ Այնպես որ, ոգևորվել պետք է, բայց դրա կողքին պետք է նաև աշխատել, աշխատել շատ նպատակամղված, շատ քրտնաջան կերպով, որովհետև մենք ունենք այնպիսի երևույթներ՝ ներքին քաղաքական Հայաստանի այսօրվա պայմաններում, ժամանակի և տարածության մեջ, և ընդհանրապես, բոլոր արտաքին խնդիրների կատարելագործումը կամ հաջողումը խիստ կերպով շաղկապված է ներքին քաղաքականության հետ։ Եթե մենք չունենանք այն, ինչ պետք է ունենանք մեր տանը, մեզ ոչ ոք ոչինչ չի տա։ Այնպես որ, մենք բոլորս պետք է այդ ուղղությամբ շատ լուրջ աշխատենք»։

Մյուս հաջողությունը, ըստ նրա՝ ՀԱՊԿ վերջին հայտարարությունն էր, որը շոշափում էր Հայաստանի և Արցախի շահերը. «Արցախի հարցով առանձնապես ոչ մի լուրջ տեղաշարժ չկա, փառք Աստծո, պատերազմական գործողություններ էլ չկան։ Պարզապես այստեղ մի պահ կա, որին այդքան էլ ուշադրություն չենք դարձնում․ Մայիլյանի հայտարարությունը։ Խոսքը վերաբերում է Արցախյան հիմնախնդրի կանոնակարգմանը։ Երեկ և առաջին օրը հանդիպում եմ ունեցել մեր իրանական գործընկերների հետ, նրանք այդ հարցը շատ էին շոշափում։

Բնականաբար, խոսքը վերաբերում է Իրանի մասնակցությանն Արցախյան հիմնահարցի կարգավորման գործընթացին։ Իրենք դրանում շատ շահագրգռված են, դե, ես՝  չլինելով պաշտոնական անձ, ասացի՝ գիտե՞ք ինչ, դուք բարեկամ երկիր եք, բայց Աստված չանի՝ ձևաչափը խախտվի, և թուրքերն իրենց քիթը խոթեն, ինչը փորձում են անել 25 տարվա ընթացքում, ապա սա ոչ մի լավ արդյունքի չի բերի ոչ մեզ, ոչ ձեզ համար։ Կարծես թե իրենք համաձայն են այդ դրվածքի հետ»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ապագայի հարցերին, նա ասաց, որ Հայաստանի բոլոր խնդիրների լուծումը սերտորեն կապում է աշխարհաքաղաքական խնդիրների և, առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի քաղաքականության հետ. «Դեկտեմբերի 18-ին շատ կարևոր մի փաստաթուղթ նետվեց միջազգային հարաբերությունների ասպարեզ. Ազգային անվտանգության հայեցակարգը, որտեղ շատ հարցերի պատասխան մենք կարող ենք գտնել, և դրա զարգացումից կախված են ոչ միայն մեր անմիջական խնդիրները տարածաշրջանում, այլև, առաջին հերթին, Մերձավոր Արևելքի հարցերը։ Մի խոսքով՝ դա շատ կարևոր է, շատ ուշադրությամբ պետք է հետևենք և չվրիպենք այստեղ»։

Տեսանյութեր

Լրահոս