Պուտինը Պետերբուրգի սուպերմարկետում պայթյունը որակել է ահաբեկչություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում ահաբեկչական գործողություն է իրականացվել, եւ հայտնել է, որ կարգադրել է իրավապահ մարմինների աշխատակիցների կյանքին սպառնալիքի դեպքում գործել վճռականորեն, «ոչ ոքի գերի չվերցնել», տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
«Դուք գիտեք, որ դեկտեմբերի 27-ին Սանկտ Պետերբուրգում կատարվել է ահաբեկչական գործողություն: Իսկ բոլորովին վերջերս Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ահաբեկչության եւս մեկ փորձ է կասեցրել: Իսկ ինչ կլիներ, եթե ահա այդ հազարավոր ահաբեկիչներից, որոնց մասին ես այժմ ասացի, հարյուրավորները վերադառնային մեզ մոտ, վերադառնային հմտացած, զինված, լավ պատրաստված»,- դեկտեմբերի 28-ին ասել է Պուտինը՝ ելույթ ունենալով Սիրիայում հակաահաբեկչական գործողությանը մասնակցած ռուսաստանցի զինծառայողների պարգեւատրման արարողության ժամանակ:
Դեկտեմբերի 27-ի երեկոյան Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետի պահանոցի մերձակայքում գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք, որը հանդերձված էր խոցող տարրերով: Դրա հզորությունը կազմել է 200 գրամ տրոտիլին համարժեք: Միջադեպի հետեւանքով տուժել է 13 մարդ: