«Չգիտեմ` ո՞վ է հիմնական թեկնածուն». Աստղիկ Գևորգյանը՝ Ժուռնալիստների միության նախագահի ընտրությունների մասին
Գրողների միության դահլիճում մեկնարկել է Ժուռնալիստների միության 12-րդ համագումարը, որի ընթացքում այսօր պարզ կդառնա միության նոր նախագահի անունը: Մինչ հերթական համագումարի մեկնարկը միության գործող նախագահ Աստղիկ Գևորգյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց, թե այս պահին տեղյակ չէ, թե միությունը քանի անդամ ունի՝ շատերը դրսում են, որոշ անդամակցություններ սառեցված են:
Անդրադառնալով առաջադրված թեկնածուների և հատկապես մամուլում շրջանառվող հիմնական թեկնածուի՝ «168 Ժամ» թերթի գլխավոր խմբագիր Սաթիկ Սեյրանյանի հարցին, տիկին Գևորգյանն ասաց. «Չգիտեմ՝ ո՞վ է հիմնական թեկնածուն, հենց նոր մեկն էլ դռների մոտ միացավ ինձ, ասաց, որ ցանկություն է հայտնել ինքնառաջադրվելու: Մեր կանոնակարգի համաձայն՝ համագումարն է որոշում ընթացակարգը, հետևաբար՝ համագումարն ում կընտրի, նրան էլ կշնորհավորեմ: Ես չկամ այդտեղ, և ոչ ոք չկա: Ինձ հատկապես հարմար չէ միջամտել, հետաքրքրվել, կարծիք հայտնել: Ես գնում եմ վաստակած հանգստի»:
Ժուռնալիստների միության երկարամյա նախագահը պաշտոնը թողնում է, իր իսկ խոսքով՝ համերաշխ, գզվռտոցներից զերծ մնացած կոլեկտիվ ստեղծած և հույս է հայտնում, որ այս ավանդույթը շարունակական կլինի նաև հետագայում: