Դավիթ Հարությունյանը մերժեց Միհրան Պողոսյանին
ՀՀ կառավարությունն այսօր նիստի ժամանակ մերժեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Պողոսյանի հերթական օրենսդրական նախագիծը: Պողոսյանն առաջարկել էր «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարել: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, որ քննարկվող դրույթը փոփոխության է ենթարկվել 2017 թ. հոկտեմբերի 25-ին ընդունված ՀՕ-164-Ն օրենքով, որով նախատեսվել է հարկադիր ծառայողի վարչարարությամբ պատճառված վնասը ԴԱՀԿ ծառայության նյութական խրախուսման և համակարգի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին փոխհատուցելու վերաբերյալ կարգավորում:
Այս մոտեցմամբ ամրագրվել ու ապահովվել է վարչական մարմինների կողմից վարչարարությամբ պատճառված վնասի փոխհատուցման հարցում միասնականությունը և ՀՀ պետական բյուջեի վրա ընկնող լրացուցիչ բեռի թեթևացումը: Ներկայացված նախագծային դրույթները խնդրահարույց են, քանի որ ֆոնդի միջոցների անբավարար լինելու դեպքում վարչարարությամբ պատճառված վնասի հատուցումն իրականացվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի կամ պետական բյուջեի այլ միջոցների հաշվին, որոնք հետագայում վերականգնվում են նույն ֆոնդի միջոցներից: Մինչդեռ, նախագծով առաջարկվող մեխանիզմի պայմաններում, հարց է առաջանում` ինչպե՞ս վարվել, եթե վարչարարությամբ պատճառված վնասը հատուցելու համար նախատեսված 20 տոկոսը բավարար չէ, և օրենքի մակարդակով հստակ ամրագրվում է յուրաքանչյուր ուղղության համար նախատեսված միջոցների հարաբերակցությունը:
«Գտնում ենք, որ նախագծով առաջարկվող կարգավորումը բավարար հիմնավորված չէ՝ գործող օրենսդրական դաշտի, առկա իրավական կարգավորումների, իրավական ակտում նախկինում կատարված փոփոխությունների և դրանց արդյունքների համեմատական վերլուծությունների հաշվառմամբ»,- եզրակացրել է կառավարությունը: