Բաժիններ՝

Շանհայի բնակչության թիվը կսահմանափակեն մինչև 25 միլիոն

Շանհայի իշխանությունները մտադիր են սկսել վերահսկել քաղաքի բնակչության թվաքանակը, ինչպես նաեւ կառուցապատման համար հատկացվող հողի մակերեսը:

Այդ մասին հայտնել են Չինաստանի զանգվածային լրատվամիջոցները՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետխորհուրդը: Պետխորհրդի հայտարարության համաձայն՝ 2035 թվականին Շանհայի բնակիչների թիվը չպետք է գերազանցի 25 միլիոնը: Քաղաքային իշխանությունները մշակել են համապատասխան ծրագիր, իսկ Պետխորհուրդը հավանություն է տվել դրան, նշված է հաղորդագրություններում: «2035 թվականին Շանհայի մշտական բնակչության թվաքանակը կվերահսկվի 25 միլիոնի նշագծի վրա:

Կառուցապատման համար մատչելի հողի ընդհանուր մակերեսը չի գերազանցի 3,2 հազար քառակուսի կիլոմետրը»,- ասված է հայտարարության մեջ:

Չինաստանի իշխանությունները կարծում են, որ այս միջոցներն անհրաժեշտ են, որպեսզի թույլ չտրվեն «մեծ քաղաքներին հատուկ հիվանդություններ», ինչպիսիք են շրջակա միջավայրի աղտոտման բարձր մակարդակը, ճանապարհներին առաջացող խցանումները եւ առողջապահության ու կրթության ոլորտում տրամադրվող ծառայությունների պակասը: Շանհայը բնակչության թվով ոչ միայն Չինաստանի, այլեւ աշխարհի խոշորագույն քաղաքն է: Այնտեղ բնակվում է շուրջ 24 միլիոն մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս