Լավագույն տասնյակում հայտնվելը նոր խթան կլինի առավել մեծ արդյունքների ձգտելու համար. Էդգար Ստեփանյան
Հայաստանի հեծանվասպորտի հավաքականի անդամ, 2017 թվականի Հայաստանի 10 լավագույն մարզիկներից Էդգար Ստեփանյանը պարտավորեցնող է համարում լավագույնների շարքում հայտնվելը:
«Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար: Մեծ ուրախություն է Հայաստանի 10 լավագույն մարզիկներից մեկը լինելը: Շնորհավորում եմ բոլորին, ովքեր ընդգրկվել են լավագույնների շարքում, քանի որ բոլորն էլ արժանի էին: Հպարտ եմ, որ նրանց շարքում եմ: Սա ինձ համար մի նոր շարժառիթ կլինի ավելի լավ արդյունքների ձգտելու համար: Լավագույն 10-յակում լինելը նոր խթան կլինի առավել մեծ արդյունքների ձգտելու համար»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ստեփանյանը:
Առաջին անգամ 2017 թվականի տարվա լավագույն մարզիկների տասնյակը ձևավորվել է մարզասերների sms-ների և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների 50։50 համադրությամբ: Ի տարբերություն մյուս տարիների՝ 2017 թվականին Հայաստանի Հանրապետության 10 լավագույն մարզիկների դասակարգում ըստ տեղերի չկա: Տասնյակում ընդգրկված բոլոր մարզիկները համարվում են 2017 թվականի «Հայաստանի լավագույն մարզիկ» և արժանանալու են միանման խորհրդանշական մրցանակների:
Ահա 2017 թվականի 10 լավագույն մարզիկները. Հենրիխ Մխիթարյան (ֆուտբոլ)՝ 9897.62, Արթուր Ալեքսանյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 7686.50, Լևոն Արոնյան (շախմատ)՝ 6148.59, Գրիգոր Մխիթարյան (սամբո)՝ 4568,93, Մաքսիմ Մանուկյան (հունա-հռոմեական ոճի ըմբշամարտ)՝ 4377.62, Հովհաննես Բաչկով (բռնցքամարտ)՝ 3953.65, Սիմոն Մարտիրոսյան (ծանրամարտ)՝ 3683.72, Էդգար Ստեփանյան (հեծանվասպորտ)՝ 2503.92, Արթուր Թովմասյան (մարմնամարզություն)՝ 2485.95, Տիգրան Կիրակոսյան (սամբո)՝ 2196.90: