Քրդերի հետ բախումների հետևանքով երկու թուրք զինծառայող է սպանվել
Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) զինյալների հետ շարունակական բախումների հետևանքով թուրքական բանակը կրկին կորուստներ է կրել:
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Թուրքիայի Հաքքարի նահանգի Շեմդինլի գավառի շրջանում ՔԱԿ զինյալների և թուրքական զորքերի բախման հետևանքով երկու թուրք զինծառայող սպանվել է, մեկը` վիրավորվել:
Դեկտեմբերի 25-ին Շեմդինլի գավառում տեղի էր ունեցել նաև պայթյուն, ինչի հետևանքով մեկ թուրք զինվոր մահացել էր, երկուսը` վիրավորվել:
1980-ականներից սկսված թուրք-քրդական բախումները 2015թ. ամռանից նոր թափ են ստացել: Թուրքիայի տարբեր շրջաններում Թուրքական ԶՈՒ-ի եւ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) մարտիկների միջեւ ռազմական գործողություններ են ընթանում:
Թուրքական իշխանությունների կողմից քրդական խնդիրը կարգավորելու գործընթացից հրաժարվելուց հետո PKK-ն հայտարարել էր, որ զինված ազատագրական պայքարը լեռներից տեղափոխում է բնակավայրեր, մեծ քաղաքներ եւ զբոսաշրջային հանգստյան վայրեր:
2015 թ. ամռանից մինչ այժմ թուրք-քրդական բախումների հետևանքով սպանվել է 1212 թուրք ուժային, որոնցից 771-ը՝ զինծառայող: