ԳՖՀ-ի ԱԳ նախարարը Ուկրաինային ու Թուրքիային չի տեսնում Եվրամիության կազմում
Ուկրաինան եւ Թուրքիան տեսանելի ապագայում չեն դառնա Եվրամիության անդամներ: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելը Funke մեդիախմբի կողմից դեկտեմբերի 26-ին հրապարակված հարցազրույցում:
«Ես առաջիկա տարիներին ոչ Թուրքիային, ոչ էլ Ուկրաինային չեմ կարող պատկերացնել որպես ԵՄ-ի անդամներ»,- ասել է նա: Դրա հետ մեկտեղ նախարարը հանդես է եկել այդ երկրների հետ «ավելի սերտ համագործակցության այլընտրական ձեւեր» գտնելու օգտին: Նրա կարծիքով՝ նման հարաբերությունների օրինակ կարող է դառնալ այն գործարքը, որին Բրյուսելը փորձում է հասնել Լոնդոնի հետ:
«Եթե մենք կարողանանք խելամիտ համաձայնության հասնել, որը կկարգավորի Եվրոպայի հետ հարաբերությունները Brexit-ից հետո, դա կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար, Ուկրաինայի կամ Թուրքիայի համար»,- պարզաբանել է Գաբրիելը: Խոսելով Թուրքիայի հետ համագործակցության զարգացման մասին, նա չի բացառել, որ արդյունքում կարելի է գալ «մաքսային միության ավելի սերտ ձեւի»: «Բայց դա անհնարին է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխվել Թուրքիայի իրադրությունը»,- ընդգծել է Գերմանիայի ԱԳ նախարարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: