«Մեր ժողովուրդները միշտ կանգնել են կողք կողքի և այդպես էլ կշարունակեն». Ռոհանին այցելել է հայկական ընտանիքներ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ այցելել է իրան-իրաքյան պատերազմում նահատակված երկու հայի ընտանիքներին: Այս մասին հայտնում է իրանական Irna գործակալությունը:
Պատերազմում զոհված Ջորջ Քեշիշ Հարությունի ընտանիք կատարած այցի ժամանակ նախագահը գնահատել է ընտանիքների ինքնազոհողությունը՝ ընդգծելով, որ Իրանի ժողովուրդը գնահատում է այն նահատակների թափված արյունը, ովքեր մարտիրոսվեցին սեփական հայրենիքի պաշտպանության գործում:
Ռոհանին նշել է, որ Իրանում բոլոր կրոնական ու էթնիկ խմբերը կողք կողքի են երջանկության ու տխրության պահերին: «Մեր ժողովուրդները միշտ կանգնել են կողք կողքի և այդպես էլ կշարունակեն»,- ասել է նախագահը:
Ջորջ Քեշիշ Հարությունի մայրը և քույրերն իրենց երախտագիտությունն են հայտնել նախագահին հանդիպման կապակցությամբ:
Այնուհետև Ռոհանին այցելել է նաև պատերազմում զոհված մեկ այլ հայի՝ Էդվին Շահմիրյանի ընտանիք: Ի պատասխան Շահամիրյանի մոր ջերմ ընդունելության՝ Իրանի նախագահն ասել է. «Սա մեր պարտականությունն է և այն նվազագույնը, որ կարող ենք անել մարտիրոսվածների ընտանիքներին: Դուք ձեր որդուն նվիրաբերել եք հայրենիքի պաշտպանությանը»:
Նա հավելել է, որ Իրանի ժողովուրդը մշտապես երախտապարտ է եղել հայազգի քաղաքացիներին և համարել է նրանց վստահելի, աշխատասեր ու ազնիվ մարդիկ, ովքեր սիրում են իրենց երկիրը: