
Պերուի նախագահը բանտից ազատ է արձակել երկրի նախկին ղեկավար Ալբերտո Ֆուխիմորիին

Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին դեկտեմբերի 24-ին ներում է շնորհել երկրի նախկին ղեկավար Ալբերտո Ֆուխիմորիին, որը 25 տարվա բանտարկության էր դատապարտված մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի եւ «մահվան հեծելավաշտերի» կազմակերպման համար: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Կուչինսկին որոշել է Ֆուխիմորիին ազատել մարդասիրական նկատառումներով. Պերուի նախկին նախագահը 79 տարեկան է, եւ, բժշկական հանձնաժողովի եզրակացությունների համաձայն, նա տառապում է անբուժելի եւ աստիճանաբար սաստկացող հիվանդությամբ, որի դեպքում բանտում գտնվելը կարող է վտանգավոր լինել նրա կյանքի համար:
Ֆուխիմորին երկրի նախագահ է եղել 1990-ից մինչեւ 2000 թվականը: 25 տարի ընդհանուր տեւողությամբ բանտարկության պատիժը նա ստացել է մի շարք դատավճիռներով. 25 մարդու սպանությունների կազմակերպման, կաշառքի, հեռախոսների ապօրինի գաղտնալսման եւ կաշառման համար պետական միջոցների օգտագործման համար, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: