Ինչպե՞ս ազատվել սմարթֆոնային կախվածությունից
Սմարթֆոնները և խելացի գաջեթները այժմ ամենուր են: Որքան էլ խելացի օգնականները հեշտացնեն կյանքը, միևնույն է, պետք է ընդունել, որ դրանք առաջացնում են կախվածություն: Ըստ հոգեբանների՝ սմարթֆոնների պատճառով մարդիկ դառնում են ալարկոտ, ծույլ, ռացիոնալ չեն օգտագործում իրենց ժամանակը և այլն:
Հեռախոսից կախվածությունն անվանում են նոմոֆոբիա: Սա այն դեպքն է, երբ մարդ վախենում է բաժանվել հեռախոսից անգամ մի քանի րոպեով և շատ լարված է, երբ հեռախոսը տարածքում չէ: Նման մարդիկ միշտ օնլայն են և վայրկյանական պատասխանում են հաղորդագրություններին: Նոմոֆոբիան անվանում են 21-րդ դարի հիվանդություն:
Առաջարկում ենք ծանոթանալ սմարթֆոնային կախվածությունից ազատվելու մի քանի տարբերակի:
Կախվածությունից ազատվելու ամենապարզ և արագ լայֆհակը էկրանի գույների փոփոխումն է: Ըստ հետազոտությունների՝ սմարթֆոնի սև և սպիտակ էկրանը դառնում է քիչ գրավիչ, ինչի արդյունքում Դուք անընդհատ չեք նայում դրան:
Եթե դուք օգտագործում եք iPhone, ապա դա շատ հեշտ է: iOS 11-ն ունի մոխրագույնի երանգներ: Դրանք ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը՝ «Կարգավորումներ» → «Հիմնական» → «Ունիվերսալ» → «Դիսփլեյի ադապտացում» → «Լուսային ֆիլտրեր» → «Դիսփլեյի ադապտացում» → «Մոխրագույնի երանգներ»:
Իսկ Android-ում այս հնարավորությունն ակտիվացնելու համար պետք է մի փոքր երկար փնտրել: Առաջին հերթին՝ պետք է մուտք գործել «Կարգավորումներ» բաժնի «Հեռախոսի մասին» բաժինը:
Այնուհետև անհրաժեշտ է մուտք գործել «Հավաքման համարը» բաժին և սպասել այնքան, որ սմարթֆոնը ձեզ թույլ տա շարունակել գործողությունները: Միայն այս քայլերից հետո կարգավորումների բաժնում կարող եք միացնել սև և սպիտակի ռեժիմը:
Սմարթֆոնյին կախվածության դեմ կօգնեն պաքարել նաև զանազան գաջեթներն ու հավելվածները:
Substitute Phone
Անգամ այն մարդիկ, որ չունեն սմարթֆոնային կախվածություն, հաճախ հանում են գրպանից հեռախոսը՝ հաղորդագրությունները կարդալու կամ զանգերը ստուգելու համար: Այս դեպքերի համար նախատեսված է Substitute Phone-ը: Աքսեսուարի դիզայներն է Կլեմենս Շիլինգերը (Klemens Schillinger):
Աքսեսուարն ունի սովորական սմարթֆոնների չափսերն ու քաշը, սակայն սա միակ նմանությունն է սմարթֆոնների հետ: Substitute Phone-ը չունի էկրան և էլեկտրոնային գործառույթներ: Դրանով չի կարելի զանգեր կատարել, չի կարելի նկարել, թերթել սոցցանցերի նորությունների պատը:
Աքսեսուարն իրենից ներկայացնում է պլաստմասսե կորպուս, որի մեջ ներդրված են կլորակներ: Կլորակները կարելի է պտտել այնպես, ինչպես թերթում ենք նորությունների պատը, միացնում ենք նկարը, կամ գործողություններ ենք կատարում սմարթֆոնի էկրանին: Կան աքսեսուարի մի քանի տարբերակներ, որոնցից յուրաքանչյուրն ունի կոնկրետ ուղղվածություն:
BreakFree
Այս հավելվածը ոչ միայն օգնում է ազատվել սմարթֆոնային «հիվանդությունից», այլև առաջարկում է բուժման եղանակներ: Հավելվածի տեղադրումից հետո այն ինֆորմացիա է հավաքում Ձեր անցկացրած ժամանակի մասին: Այնուհետև հավելվածն առաջարկում է արգելափակել Ձեր՝ սմարթֆոնից օգտվելու ժամանակը: Արգելափակումներից ըստ անհրաժեշության օգտվելու դեպքում Դուք կարող եք ստանալ պարգևատրումներ հավելվածից:
Forest
Այս հավելվածը կօգնի հեռու մնալ սմարթֆոնից և կենտրոնանալ աշխատանքի վրա: Այդ թվում՝ այս գործընթացն արվում է խաղի ձևով: Ամեն անգամ, երբ 30 րոպեների ընթացքում Դուք կմիացնեք հեռախոսը, խաղային այգում կավելանա մեկ ծառ: Երեկոյան դուք տեսնում եք արդյունքը: Եթե Ձեր այգում գեղեցիկ և բարձր ծառեր են աճում, ուրեմն Դուք շատ լավ արդյունք ունեք: Եթե Ձեր այգու ծառերն ունեն փոքր ճյուղեր, ապա Դուք ոչ մի վայրկյան հանգիստ չեք թողնում սմարթֆոնը:
Checky
Որպեսզի արագ ազատվեք կախվածությունից, պետք է ճիշտ ախտորոշել այն: Այս հավելվածը կօգնի հասկանալ՝ քանի անգամ եք Դուք բացում հեռախոսը: Բացի տվյալ օրվա ցուցանիշից, կարելի է հետևել նաև նախորդ օրերի ցուցանիշներին:
Quality Time
Այս հավելվածը ոչ միայն նշում է, թե որքան ժամանակ եք օգտագործում հեռախոսը, այլև կառանձնացնի յուրաքանչյուր հավելվածին տրամադրվող ժամանակը: Բացի այդ, հավելվածն ունի նաև լռության ժամ. դա այն է, երբ սմարթֆոնը չի անհանգստացնում Ձեզ զանազան ծանուցումներով:
App Detox
Այս հավելվածը խնդրիը մոտենում է այլ տեսանկյունից: Եթե մյուս հավելվածները պայքարում են ընդհանուր կախվածության դեմ, ապա այս հավելվածն աշխատում է կոնկրետ ծրագրի հետ:
Եթե Դուք հասկանում եք, որ շատ ժամանակ եք անցկացնում Facebook, Twitter կամ այլ ցանցում, ապա App Deto-ը կօգնի լուծել այդ խնդիր: Կարող եք սահմանել ցանցում անցկացնելու կոնկրետ ժամանակ, ինչից հետո ցանցն արգելափակվում է:
Սիրարփի Աղաբաբյան