«Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ»
«Այն երկրները, որոնք չեն ոտնահարում ամերիկյան շահերը, ավելին՝ գուցե ընդհանուր շահեր ունեն Միացյալ Նահանգների հետ, կշարունակեն ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենալ: Հայաստանի մտահոգություններն ընկալելի են, բայց ինչպես տեսնում ենք, ԱՄՆ-ն նախընտրում է գործ ունենալ և խնդիրները լուծել գերտերությունների մակարդակում, ներկայիս վարչակազմն իրեն դիրքավորում է, որպես աշխարհի գլոբալ մարտահրավերները սանձող ուժ:
Հենց սրանով է պայմանավորված ավելի պակաս ուշադրությունը ԼՂ հակամարտությանը, Հարավային Կովկասին, այստեղ առանցքային ուղղությունը չի փոխվելու, ԱՄՆ-ն շարունակելու է իր քաղաքականությունն, ինչպես նախկինում: Բայց ներկայիս Ռուսաստանի հետ հարաբերություններ ունեցող ցանկացած երկիր պետք է վերլուծի իր քայլերը, քաղաքականությունը, քանի որ Ռուսաստանը ներկայումս Նահանգների համար թշնամական երկիր է: Սա Հայաստանի համար ոչինչ չի նշանակում: Հարցը պետք է դիտարկել այլ հարթությունում` Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում Երուսաղեմի հարցով բանաձևին կողմ քվեարկեց»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասել է ամերիկացի նախկին դիվանագետ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ամերիկյան ազգային անվտանգության նոր ռազմավարության գլխավոր ուղղություններին:
Նաև հավելել է. «Արևմուտքը հետաքրքրված է Հայաստանի հետ հարաբերությունների խորացմամբ, ինչը նշանակում է, որ թեև կա ընկալում, որ Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, այնուամենայնիվ Հայաստանը Ռուսաստանից առանձին է դիտարկվում, ինչը Հայաստանը կարող է օգտագործել իր օգտին: Հայաստանը Եվրամիության հետ համաձայնագիր ստորագրեց՝ ցույց տալով, որ փորձ է անում հավասարակշռել իր արտաքին քաղաքականությունը, ինչը դրական ուղերձ է Արևմուտքին»: Ըստ Գոբլի` բացասական հանգամանքն այն է, որ ամերիկյան գլխավոր փաստաթղթում Հայաստանի համար երկու կարևոր երկրներ` Ռուսաստանն ու Իրանը, ԱՄՆ-ի կողմից դիտարկվում են, որպես սպառնալիք:
«Դա նշանակում է, որ այս երկու երկրների հանդեպ ԱՄՆ-ն հատուկ քաղաքականություն է վարելու է, որը անդրադառնալու է Հայաստան-Իրան, Հայաստան-Ռուսաստան տնտեսական հարաբերությունների վրա: բայց ճիշտ քաղաքականության դեպքում այս ռիսկերը կարող են մինիմալի հասցվել»,- ասել է Գոբլը:
Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում: