Փորձագետները ռեկորդային մասնակցություն են կանխատեսում Կատալոնիայում ընտրություններին
Կատալոնիայում վաղաժամկետ խորհրդարական ընտրություններում արդեն քվեարկել է ընտրողների գրեթե 35 տոկոսը: Այդ մասին վկայում են քվեարկության կայքում հրապարակված տվյալները: Դրանց համաձայն, տեղական ժամանակով ժամը 13:00-ի դրությամբ (Երեւանի ժամանակով ժամը 16:00) ընտրություններին մասնակցել է ձայնի իրավունք ունեցող 5,5 միլիոն մարդկանց 34,69 տոկոսը։
Այդ ցուցանիշը փոքր-ինչ պակաս է այն մասնակցությունից, որը եղել է 2015 թվականի ընտրություններին. այն ժամանակ ժամը 13:00-ի դրությամբ քվեարկել էր 35,10 տոկոսը: Սակայն այս անգամ ընտրություններն անցկացվում են աշխատանքային օրը, եւ չի բացառվում, որ ընտրողների մեծ մասը կնախընտրի քվեարկել երեկոյան, աշխատանքից հետո:
Փորձագետները ռեկորդային մասնակցություն են կանխատեսում այս ընտրություններին, ենթադրելով, որ այն կգերազանցի 80 տոկոսը: 2015 թվականին ընտրություններին մասնակցությունը կազմել է 77 տոկոս: Այս ընտրությունների արդյուներով ձեւավորվելու է օրենսդիր մարմնի նոր կազմը, որը կընտրի Ժեներալիտետի նախագահին: Ինքնավար հանրակցության նախորդ կառավարությունն ու խորհրդարանը կենտրոնական կառավարության որոշմամբ արձակվել էին անկախության հռչակումից հետո: Ընտրական տեղամասերը, որոնց ընդհանուր թիվը 2680 է, բացվել են տեղական ժամանակով ժամը 9:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 19:00-ին) եւ աշխատելու են մինչեւ 20:00-ն:
Ձայնի իրավունք ունի 5,55 մլն մարդ, որոնցից 226 հազարն ապրում են արտասահմանում: Իսպանիայի սահմաններից դուրս ապրող գրեթե 39,5 հազար կատալոնցիներ ընտրական քվեաթերթիկներ են խնդրել քվեարկությանը մասնակցելու համար:
Բացի այդ, փոստով պատրաստվում էին քվեարկել գրեթե 79 հազար կատալոնցիներ, որոնք գտնվում են Իսպանիայում՝ ինքնավար հանրակցության սահմաններից դուրս: Ընդամենը ընտրվելու են խորհրդարանի 135 պատգամավորներ՝ 85-ը՝ Բարսելոնայից, 17-ը՝ Ժիրոնայից, 15-ը՝ Լերիդայից եւ 18-ը՝ Տարագոնայից: Հարցումների համաձայն, խորհրդարան անցնելու հնարավորություն ունեն յոթ հիմնական քաղաքական ուժեր:
Դրանցից երեքը տարածաշրջանի անկախության կողմնակիցներ են, չորսը՝ Կատալոնիան Իսպանիայի կազմում պահելու կողմնակիցներ: Անկախության կողմնակիցների թվում են՝ կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնի (գտնվում է Բելգիայում) «Միասին՝ հանուն Կատոլինիայի» դաշինքը, Ժեներալիտետի նախկին փոխղեկավար Օրիոլ Ժունկերասի (կալանքի տակ է գտնվում Մադրիդում) «Կատոլինիայի ձախ հանրապետականներ» կուսակցությունը եւ «Ժողովրդական միասնության թեկնածու» ծայրահեղ ձախ կազմակերպությունը: Իսպանիայի տարածքային ամբողջականության օգտին հանդես են գալիս Ժողովրդական կուսակցությունը (Իսպանիայի կառավարող կուսակցության «մասնաճյուղը»), «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը եւ Կատոլինիայի սոցիալիստական կուսակցությունը:
Բացի այդ, տարածաշրջանում մեծ ազդեցություն ունի Catalunya en ComՕ-ն՝ Podemos կուսակցության տեղի ներկայացուցչությունը: Այն հանդես է գալիս Իսպանիայի տարածքային ամբողջականության օգտին, բայց, ընդսմին, պաշտպանում է Կատալոնիայի անկախության շուրջ օրինական հանրաքվեի անցկացումը: Հարցումների համաձայն, երկու «ճամբարներից» յուրաքանչյուրը կարող է ակնկալել ընտրողների մոտավորապես կեսի ձայները, ուստի կոալիցիաների ձեւավորման շուրջ բարդ բանակցություններ են սպասվում Ժեներալիտետի նախագահին հաստատելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: