Բաժիններ՝

Ոստիկանները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել ՀՀ քննչական կոմիտեում 26.11.2017թ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը:

Այսպես, քրեական գործի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ 26.11.2017թ.-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի հարևանությամբ գտնվող շենքի բակում մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության և ծեծկռտուքի հետևանքով 4 երիտասարդներ` Ն. Պետրոսյանը, Ա. Ավագյանը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Հ. Սարգսյանն ու Հ. Մարտիրոսյանը, կտրած-ծակած բնույթի ծանր և տարբեր ծանրության այլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 26.11.2017թ.-ին ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: Նույն օրը ձերբակալվել է ծեծկռտուքի մասնակիցներից մեկը` Վ. Ազարյանը, ում մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

12.12.2017թ.-ին Վ. Ազարյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ոստիկանության ծառայողների և այլ անձանց կողմից իրեն ծեծի ենթարկելու վերաբերյալ: Մասնավորապես, Վ. Ազարյանը հայտնել է, որ շենքի մուտքում մի խումբ անձանց նկատողություն անելուց հետո վերջիններս իրեն կանչել են շենքի բակ, որտեղ 8-10 անձինք, այդ թվում ոստիկանության 4 աշխատակիցներ, հարձակվել են իր վրա և ծեծի ենթարկել: Ինքն էլ պաշտպանվելու նպատակով դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել նրանց: Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության՝ Վ. Ազարյանի մոտ նույնպես հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ գլխի շրջանում:

Վ. Ազարյանի հաղորդման հիման վրա նույն քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով հարուցվել է քրեական գործ, որը միացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործին և քննչական ենթակայության կարգով ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս