
«Լալվար» և «Նոյեմբերյան» էլեկտրահաղորդման գծերի կառուցման նպատակով որոշ տարածքներ ճանաչվեցին գերակա շահ

Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011թ. հունիսի 1-ին ստորագրված Վարկային համաձայնագրով նախատեսված` «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի շրջանակում վերակառուցվում են «Լալվար» և «Նոյեմբերյան» 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման օդային գծերը:
Կառավարության նիստում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ ծրագիրը նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը:
Ծրագրի արդյունավետ իրականացումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է Տավուշի և Լոռու մարզերի վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու մասին որոշում: «Սեփականության օտարման գործընթացն ավարտելուց հետո կսկսվեն էլեկտրահաղորդման գծի կառուցման շինմոնտաժային աշխատանքները»,- ասաց նա: