«Գոհ եմ հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ընթացքից». ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունն ամփոփեց անցնող տարին

Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում դեկտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Ձմեռային հրաշք» տոնական համերգը, որով ԱՄՆ դեսպանատունը եզրափակեց երկու երկրների գործընկերության ու բարեկամության 25-րդ հոբելյանական տարին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաներ, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ամփոփելով անցնող տարին՝ մասնավորապես նշեց.

«Անցնող տարվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում էր երկու երկրների միջև առկա ամուր գործընկերությունն ու այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են ՀՀ-ի և ԱՄՆ քառորդդարյա համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ցուցաբերված ավելի քան 1 միլիարդի հասնող օժանդակությունից, մինչև ամուր ռազմական համագործակցությունը, կրթական և մշակութային փոխանակումները, անգլերենի ուսուցման ծրագրերը, հետզհետե խորացող առևտրային և ներդրումային գործընկերությունը»:

Կարդացեք նաև

Անդրադառնալով փոխադարձ համագործակցությունների թեմային՝ պարոն դեսպանը նկատեց.

«Անշուշտ, ԱՄՆ-ը նկատելի ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում: Դեռևս հստակ չգիտեմ, թե երբ կավարտվի իմ պաշտոնավարման ժամկետը, սակայն վստահ եմ, որ ինձ հաջորդող դեսպանը նույնպես կշարունակի իմ որդեգրած քաղաքականությունը:

Այս համատեքստում կարևորում եմ ներդրումների և առևտրի խորացումը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև, մարդու իրավունքների պաշտպանության խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարը, առհասարակ բոլոր այն աշխատանքներն ու գործընթացները, որոնք միտված են առավել սերտացնելու ԱՄՆ և ՀՀ հարաբերությունները: Այս տոնական համերգը փորձ է՝ հայտնելու մեր շնորհակալությունը գործընկերներին, կառավարությանը, գործարար դաշտին, քաղաքացիական հասարակությանը, ինչպես նաև լրատվական դաշտին»:

Դեսպանը հավաստիացնում է՝ գոհ է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման ընթացքից, սակայն այդ հարաբերությունները մշտապես զարգացնելու և խորացնելու տեղ ունեն.

«Վերջին 12 ամիսների ընթացքում Միացյալ Նահանգների հետ առևտրի ծավալներն աճել են 35 տոկոսով։ Բացի դրանից, վերջին երկու տարիների ընթացքում Միացյալ Նահանգներից կատարված ներդրումները կազմել են մոտ 600 մլն դոլար: Ես հավատացած եմ, որ դրանք դեռ աճելու միտում ունեն»,- ասաց նա:

Անդրադառնալով «Ֆլեքս» փոխանակման կրթական ծրագրին՝ դեսպանը նկատեց.

«Անցյալ տարի ծրագրի շրջանակում ԱՄՆ է մեկնել 1000-րդ հայ աշակերտը: Սա հիանալի ծրագիր է, որը թույլ է տալիս ավագ դպրոցի աշակերտներին 1 տարի շարունակ կրթություն ստանալ ԱՄՆ-ում, շփվել և ծանոթանալ ամերիկյան մշակույթին: Փոխարենը՝ նրանք այնտեղ ներկայացնում են հայկական մշակույթը և այն ամենը, ինչ կապված է Հայաստանի հետ՝ այդպիսով դառնալով ԱՄՆ-ում ՀՀ ինքնատիպ դեսպաններ»:

Միջոցառման բացման խոսքում դեսպան Միլսը կատակեց՝ այսօր պետք է խոսել ոչ թե տաղտկալի ու երկար տևողություն ունեցող դիվանագիտական հարաբերությունների թեմաներով, այլ Ամանորի, Սուրբ Ծննդի և տոնական տրամադրության մասին.

«Ամանորը փոխում է բոլորիս։ Ինչպես տեսնում եք, ես էլ մի փոքր փոխվել եմ այսօր՝ կարմիր ժիլետ եմ հագել և կարմիր թիթեռնիկ եմ կապել։ Նախապես ուզում եմ իմ և տիկնոջս անունից շնորհավորել ողջ հայ ժողովրդի տոնը՝ շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

«Ձմեռային հրաշք» տոնական համերգի ընթացքում հնչեցին հայկական և ամերիկյան սուրբծննդյան երգեր, կատարումներով հանդես եկան Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, Նարինե Դովլաթյանը, Սոնա Ռուբենյանը, «Կամերտոն» մանկական երգչախումբը, «Օլդ բենդը»: Համերգը վարեցին դերասաններ Հայկ Պետրոսյանն ու Սամվել Թոփալյանը:

Տեղեկացնենք, որ «Ձմեռային հրաշք» տոնական միջոցառմամբ տոնվեց ոչ միայն գալիք տարին, այլ եզրափակվեց նաև անկախ և ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հետ Միացյալ Նահանգների 25-ամյա գործունեության և բարեկամության հոբելյանական տարվա միջոցառումների շարքը:

Տեսանյութեր

Լրահոս