Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թիվը կազմում է 4586 անձ
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց օտարերկրացիների աշխատանքի թույլտվության տրամադրման գործընթացի կասեցման ժամկետի երկարաձգման անհրաժեշտության մասին որոշման նախագծին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների գերակշիռ մասը` շուրջ 63 տոկոսն ունեն բարձրագույն, հետբուհական կրթական մակարդակ:
«Տնտեսության կայուն զարգացման առումով էապես կարևորվում է ՀՀ աշխատաշուկայում բարձր որակավորում ունեցող օտարերկրացիների ներգրավման անհրաժեշտությունն առանց լրացուցիչ խոչընդոտների, եթե հաշվի առնենք նաև երկրում ձևավորված ցածր աշխատավարձերի պայմաններում բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման օբյեկտիվ դժվարությունները»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Հայաստանում օտարերկրյա վարձու աշխատողների թվաքանակը 4586 անձ է, որը կազմում է ընդհանուր զբաղվածների թվաքանակի ընդամենը 0.43 տոկոսը:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե ինչու է ամեն տարի երկարաձգվում կասեցման գործընթացը: Նախարարը պատասխանեց, որ մեկ տարով են սահմանել կասեցումը:
«Դա պայմանավորված է նրանով, որ ընթացակարգերը, որոնցով տրամադրվում էին թույլտվությունները, ենթադրում էին բավականին մեծ վարչարարություն: Հաշվի առնելով, որ այդ թիվը մեծ տեսակարար կշիռ չի կազմում, առաջարկեցինք կասեցնել գործընթացը մինչև համապարփակ լուծումներ բերելը և դրա անհրաժեշտություն առավել առարկայական ունենալը», – ասաց Արտեմ Ասատրյանը:
Կարեն Կարապետյանն առաջարկեց քննարկել վերը նշված կարգը փոխելու հնարավորությունը: