Բաժիններ՝

Դե Միստուրան Աստանայում կմասնակցի Սիրիային նվիրված բանակցություններին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ դեսպանորդ Ստաֆան դե Միստուրան դեկտեմբերի 22-ին Աստանայում կմասնակցի Սիրիային նվիրված ութերորդ միջազգային հանդիպմանը: Այդ մասին դեկտեմբերի 21-ին լրագրողներին հայտնել է Ղազախստանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Անուար Ժայնակովը:

«Ստաֆան դե Միստուրան Աստանա կժամանի վաղը (դեկտեմբերի 22-ին) առավոտյան: Այսօր պլանավորված են նրա հանդիպումները Մոսկվայում»,-ասել է Ժայնակովը:

Ղազախստանի ԱԳ նախարարությունում հայտնել են, որ Աստանայի բանակցություններին կմասնակցեն նաեւ սիրիական զինված ընդդիմության ներկայացուցիչները: «Բանակցությունների մասնակիցների բոլոր պատվիրակությունները ժամանել են Աստանա: Սիրիական ընդդիմության պատվիրակության կազմում ընդգրկված է ավելի քան 20 մարդ: Նրանք բոլորն էլ ժամանել են»,-հավելել է Ժայնակովը:

Սիրիային նվիրված բանակցությունների ութերորդ փուլը դեկտեմբերի 21-ին սկսվել է Ղազախստանի մայրաքաղաքում: Հանդիպման օրակարգում է հակամարտության կողմերի միջեւ ձերբակալվածների, զոհվածների մարմինների փոխանակման աշխատանքային խմբի մասին դրույթի ընդունումը: Պլանավորվում է հայտարարություն ընդունել հումանիտար ականազերծման մասին, ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ի օբյեկտները Սիրիայում:

Սիրիայում հրադադարի ռեժիմի երաշխավոր երկրները՝ Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան, ինչպես սպասվում է, կքննարկեն նաեւ Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի գումարման նախաձեռնությունը: Աստանայի բանակցություններում լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 22-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս