Հ1-ը ցանկանում է հիմնանորոգման համար նախատեսված գումարից 27.8 մլն դրամ ուղղել «Բաց դաս» հաղորդաշարի պատրաստմանը
ՀՀ կառավարության այսօրվա նիստում տեղ է գտել մի որոշման նախագիծ, որով նախատեսվում է 2017 թվականի պետական բյուջեում կատարել վերաբաշխում՝ կապված Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հետ։
«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲ ընկերությանը 2017 թվականին շենք-շինությունների կապիտալ նորոգման աշխատանքների իրականացման նպատակով նախատեսվել է հատկացնել 129.8 մլն դրամ դրամ:
Նշված հիմնանորոգման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեից արդեն իսկ ստացվել է 101.9 մլն դրամը , իսկ դրամաշնորհի գումարի մնացած մասը՝ 27.8 մլն դրամը, նախատեսվում էր տրամադրել 2017թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ համաձայն հաստատված ժամանակացույցի:
Հիմա Հ1-ը ցանկանում է այդ մնացած 27.8 մլն դրամն ուղղել ոչ թե հիմնանորոգմանը, այլ նոր հաղորդաշարի պատրաստմանը։
«Ընկերության առջև դրված առաջնահերթությունների իրականացման նպատակով նոր եթերաշրջանի ընթացքում նախատեսվում է իրականացնել նոր կրթական հաղորդաշարի պատրաստում, որն իր ուրույն ու կարևոր տեղը կզբաղեցնի «Առաջին ալիք»-ի կրթական-դաստիարակչական հեռուստահաղորդումների շարքում:
Հաշվի առնելով, որ վերոհիշյալ հաղորդաշարի պատրաստման ուղղությամբ Ընկերության 2017 թվականի տարեսկզբին հաստատված տարեկան նախահաշվով համապատասխան միջոցներ նախատեսված չեն, Ընկերությունը նախատեսում է վերջինիս պատրաստման ծախսերի մի մասն իրականացնել տարվա ընթացքում որոշ ծախսային հոդվածներից առաջացած խնայողությունների հաշվին, իսկ մնացած մասը նախատեսվում է իրականացնել կապիտալ նորոգման աշխատանքների շրջանակներում որոշ շինարարական աշխատանքների չիրականացման արդյունքում խնայված միջոցների հաշվին։
Ուստի Ընկերությունը նախատեսում է կապիտալ նորոգման գծով նախատեսված 27,839.0 հազ. դրամն ուղղել հեռուստահաղորդումների պատրաստմանն ու ձեռքբերմանը»,- նշված է հեռուստաընկերության հիմնավորման մեջ։
Հանրային հեռուստաընկերությունը նաև հավաստիացնում է, որ չիրականացված շինարարական աշխատանքների գծով իր կողմից ստանձնած պարտավորություններ չկան, այդ աշխատանքները ապագա ժամանակաշրջաններում չեն իրականացվելու և հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտություն չի առաջանալու:
Ամեն ինչ նորմալ է, անգամ ողջունելի։ Սակայն կա մի փոքրիկ հակասություն։
Ընկերության տեղեկանքից ստացվում է, որ հաղորդումը, որի պատրաստմանն ուղղվելու է 27.8 մլն դրամը, դեռ չկա։ Այն նախատեսվում է իրականացնել նոր եթերաշրջանում։ Մինչդեռ որոշմանը կից հավելվածներից պարզ է դառնում, որ խոսքը վերաբերում է «Բաց դաս» հաղորդաշարին, որն արդեն մի քանի ամիս է եթեր է հրապարակվում Հանրայինով։
Ստացվում է՝ Հ1-ը պատրաստվում է 27 մլն դրամ ուղղել նոր հաղորդման պատրաստմանը, որը վաղուց եթերում է։ Ներկայացնում ենք նաև հաղորդմանը վերաբերող տեղեկանքը, որպեսզի ավելի պարզ լինի, որ խոսքը նույն հաղորդման մասին է, սակայն տեքստը շարադրված է ապառնի ժամանակով։
ԲԱՑ ԴԱՍ
Հաղորդման նպատակն է օգնել ավագ դպրոցի աշակերտներին՝ նախապատրաստվել բուհական քննություններին: Թողարկման մի մասում կլինի մաթեմատիկա առարկան, մյուսում՝ ֆիզիկա: Առարկաները կդասավանդեն հանրապետության լավագույն մասնագետները: Մաթեմատիկա առարկան կդասավանդի Հայ-ռուսական համալսարանի մաթեմատիկայի և մաթմոդելավորման ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գառնիկ Կարապետյանը: Ֆիզիկա առարկան դասավանդելու է միջազգային օլիմպիադայի ֆիզիկայի հավաքականի ղեկավար, ֆիզմաթ դպրոցի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը: Մասնագետները կանդրադառնան ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների կարևորագույն թեմաներին, ինչպես նաև շտեմարաններում տեղ գտած խնդիրներին ու վարժություններին:
Հաղորդումը կնպաստի ավագ դպրոցի՝ 10, 11 և 12-րդ դասարանների ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների առավել մանրակրկիտ ուսումնասիրմանն ու քննական թեստերն ուսումնասիրելուն: