Բաժիններ՝

Ամանորին Թբիլիսիում մետրոն և ավտոբուսները գործելու են անվճար

Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը Թբիլիսիի քաղաքացիներին ու հյուրերին կսպասարկի անվճար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության նիստում։

Ավելի վաղ Կալաձեն ասել էր, որ դեկտեմբերի 31-ին մետրոն ուղեւորներին կսպասարկի ողջ գիշերվա ընթացքում: Բացի այդ, կհատկացվեն հատուկ ավտոբուսներ, որոնք ուղեւորներին կփոխադրեն մինչեւ ամանորյա համերգների անցկացման վայրեր: «Մենք հայտարարել ենք, որ մետրոն կապահովի ուղեւորների անվճար փոխադրումը: Ավտոբուսների ծառայությունները նույնպես անվճար են լինելու:

Նրանք, ովքեր կցանկանան ուղեւորվել Գլդանի, Վարկետիլի ու Եվրոպայի հրապարակ եւ ներկա լինել համերգներին, կարող են դա անել ինչպես մետրոյով, այնպես էլ ավտոբուսներով»,-հավելել է Կալաձեն: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թբիլիսիի տարբեր շրջաններում սկսել են գործել ամանորյա տոնավաճառներ: Գլդանի-Նաձալադեւիի, Դիդուբեի, Վակե-Սաբուրթալոյի եւ Իսանի-Սամգորիի շրջաններում տոնավաճառները տեղավորվել են 16 վայրերում: Դրանք գործելու են մինչեւ հունվարի 14-ը: Թբիլիսիում արդեն զգացվում է Նոր տարվա մոտենալը. մայրաքաղաքի փողոցներում միացրել են ամանորյա լուսավորությունը:

Քաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառել են դեկտեմբերի 15-ին: Ազատության հրապարակում Սուրբ Գեորգի արձանը, ավանդույթի համաձայն, զարդարել են լուսավառ կոնստրուկցիայով, որը հեռվից եղեւնի է հիշեցնում: Քաղաքագլուխ Կախա Կալաձեն խոստացել է, որ Ամանորի կապակցությամբ տոնական միջոցառումները հիրավի ժողովրդական են լինելու եւ մեծ մասամբ անցկացվելու են մայրաքաղաքի ծայրամասերում՝ Գլդանիի եւ Սամգորիի շրջաններում, ինչպես նաեւ Թբիլիսիի պատմական մասում:

Ժամանցային միջոցառումները Թբիլիսիում անցկացվելու են դեկտեմբերի 24-ից մինչեւ հունվարի 7-ը: «Դեդաենա» զբոսայգում կտեղավորվի ամանորյա ավան, որտեղ երկու շաբաթ կանցկացվեն համերգներ, ամանորյա երթեր, մարզական միջոցառումներ, կկազմակերպվեն ատրակցիոնների պարկ, բացօդյա կինոթատրոն եւ սահադաշտ, հաղորդել է Sputnik-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս