«ՀՀ իշխանությունները Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը հնարավորինս արդյունավետ համատեղում են ՆԱՏՕ-ի գործընկերության հետ». Գերմանացի քաղաքագետ

«Հայաստանն իր այս քաղաքականությամբ փորձում է զգոնացնել նաև Ռուսաստանին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Սյուզան Ստյուարտը՝ անդրադառնալով ՆԱՏՕ-ՀՀ գործընկերության հեռանկարներին:

Հիշեցնենք, որ «ՆԱՏՕ-ի շաբաթi» շրջանակում Հայաստանում էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլերը, ով իր երևանյան հարցազրույցներից մեկում նշել է, որ ՆԱՏՕ-ն երբեք ոչինչ չի թելադրում:

«Թեև կցանկանայինք աշխատել Հայաստանի հետ նաև այլ ոլորտներում, սակայն, եթե Հայաստանը պատրաստ չէ կամ նպատակահարմար չի գտնում, ապա մենք երբեք ոչինչ չենք թելադրում: Հայաստանը պետք է ինքնուրույն առանձնացնի իր առաջնահերթությունները, նպատակներն ու անելիքները, ինչից հետո մենք կաշխատենք Երևանի հետ, որպեսզի ամբողջացնենք այն, ինչ մենք անվանում ենք Գործողությունների ծրագիր: Այժմ մենք գործարկում ենք Անհատական գործընկերության գործողությունների նոր ծրագիր Հայաստանի համար:

ՆԱՏՕ-ն միշտ ասում է, որ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն պետք է կառուցի իր հարաբերություններն անվտանգության ոլորտում: Մենք որևէ հակասություն չենք տեսնում Հայաստանի՝ ՀԱՊԿ-ի անդամության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցելու մեջ»,- ասել է ՆԱՏՕ-ի պաշտոնյան:

Ուշագրավ է նաև այն տեղեկությունը, որը շրջանառության մեջ հայտնվեց օրերս:

Հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության շրջանակում Հայաստանում խաղաղապահների բացառիկ ուսումնական կենտրոն կստեղծվի: ՀՀ ՊՆ Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը տեղեկացրել էր, որ կենտրոնի կառուցումն իրականացվում է հայ-ամերիկյան ծրագրերի շրջանակներում՝ երկու երկրների ներդրման արդյունքում, որի նպատակն է՝ ստեղծել խաղաղապահ գործողությունների ուսումնական կենտրոն:

Նրա խոսքով՝ կա հեռահար նպատակ՝ ունենալ խաղաղապահ գործողությունների վարժանքի կարողություններ:

«Մինչ օրս մեր խաղաղապահներն իրենց վարժանքներն անցկացնում են արտերկրում: Այդ ուսումնական կենտրոնի վերջնական կառուցումից հետո միգուցե այն սերտիֆիկացնենք, և դառնա միջազգային խաղաղապահ ուսումնական կենտրոն: Արդեն հաջորդ տարի կենտրոնում կանցկացնենք զորավարժություն:

Մեր խաղաղապահ կարողությունները գնահատման գործընթաց են անցնում ՆԱՏՕ-ի չափանիշերին համապատասխան, և հերթական փուլը կանցկացվի այդ կենտրոնում»,- ասել էր ՊՆ պաշտոնյան:

Սյուզան Ստյուարտն ասաց, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի խոսքերի ապացույցը Հայաստանում նախատեսվող ուսումնական կենտրոնն է:

Ըստ նրա` արևմտյան կառույցները չեն կարող իրենց գործընկերներին համագործակցություն պարտադրել: Ստյուարտի խոսքով՝ այնքանով, որքանով Հայաստանը պատրաստ է եղել այդ համագործակցությանը, այն դրական է զարգացել, հարաբերություններն ընդհանուր առմամբ դրական են:

Գերմանացի քաղաքագետի կարծիքով, սակայն, դրանք բավարար չեն:

«ՆԱՏՕ-ն համագործակցության լայն սպեկտր է առաջարկում Հայաստանին, որքան խորը լինի համագործակցությունը, այնքան ավելի պաշտպանված կլինի Հայաստանը, քանի որ ՆԱՏՕ-ն առաջին հերթին՝ աջակցում է Հայաստանի պաշտպանական համալիրի արդիականացմանը, բարեփոխմանը, պաշտպանունակության բարձրացմանը, Հայաստանի ցանկության դեպքում հարաբերությունների հնարավոր ողջ համալիրը կկիրառվի Հայաստանի դեպքում, բայց Հայաստանը չի կարող իրեն նման բան թույլ տալ ՀԱՊԿ անդամակցության պատճառով»,- ասաց Սյուզան Ստյուարտը:

Վերջինիս տպավորությամբ՝ տեսանելի է, որ ՀՀ իշխանությունները փորձում են Հայաստանի ՀԱՊԿ անդամակցությունը հնարավորինս արդյունավետ համատեղել ՆԱՏՕ-ի հետ գործընկերության հետ:

«Ուսումնական կենտրոնի բացումը ՆԱՏՕ-Հայաստան հարաբերություններում կարևոր քայլ է, այս ուղղությամբ Հայաստանն իր աշխատանքը կշարունակի, քանի դեռ դրա համար խոչընդոտներ չկան ՀԱՊԿ-ի կողմից: Ինչպես ԵՄ-ՀՀ հարաբերություններում, այնպես էլ ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում գնդակը Հայաստանի դաշտում է, և Հայաստանը փորձում է հնարավորն անել՝ տպավորություն ստեղծելով, թե նույնիսկ ավելին է ցանկանում, ոչ մի ԵՏՄ, ՀԱՊԿ անդամ երկրում նման ընդարձակ ՆԱՏՕ-ՀՀ, ՀՀ-ԵՄ համագործակցություն չկա, ՀՀ իշխանություններն իսկապես դրան ձգտում են, այլ հարց է, թե որքանով է այդ ընդլայնված ձևաչափը հնարավոր ռուսական պրոյեկտների հետ համատեղել:

Հայաստանը սա անում է ոչ միայն՝ իր աշխարհաքաղաքական նախասիրություններից, այլև՝ քաղաքական, անվտանգային շահերից ելնելով: ՀՀ իշխանությունները գիտակցում են, որ միայն Ռուսաստանից կախված անվտանգությունը լիարժեք չի կարող լինել, Հայաստանը պետք է կայացած համակարգեր ունենա, իսկ արևմտյան կազմակերպություններն աջակցում են, որպեսզի այդ համակարգերը բարեփոխվեն և կայանան, ինչը չի անում Ռուսաստանը և իր ղեկավարած ծրագրերը:

Միգուցե դրանք ապագայում կայանան այնքան, որ արդիականացնեն անդամ երկրների համապատասխան համակարգերը: Այսօր Հայաստանը փաստորեն փորձում է համատեղել և արդիականանալ՝ որքան որ դա հնարավոր է և չի հակասում ՀԱՊԿ-ին»,- մեկնաբանեց Ստյուարտը:

Գերմանացի քաղաքագետի խոսքով՝ Հայաստանն իր այս քաղաքականությամբ փորձում է զգոնացնել նաև Ռուսաստանին: «Այս քաղաքականության շնորհիվ Հայաստանը կարողանում է Ռուսաստանից որոշ արտոնություններ ստանալ, իր քաղաքական արժեքը բարձրացնել, ինչն ակնհայտ է, առանց Արևմուտքի հետ հարաբերությունների Հայաստանը՝ որպես քաղաքականություն իրագործող կենտրոն, կթուլանա»,- ասաց Ստյուարտը:

Տեսանյութեր

Լրահոս