ԱՄՆ-ում Թրամփի աջակցման վարկանիշը ռեկորդային ցածր ցուցանիշ է արձանագրել. CNN
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի գործունեությանը հավանություն էտալիս ամերիկացիների միայն 35 տոկոսը: Այդ մասին վկայում են CNN հեռուստաալիքի կողմից անցկացված նոր սոցիոլոգիական հարցման արդյունքները:
Նշվում է, որ սա Թրամփի ժողովրդականության նվազագույն ցուցանիշն է նրա նախագահության սկզբից CNN-ի բոլոր համապատասխան հարցումների թվում: ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարի գործունեությանը բացասաբար է վերաբերվում հարցվածների 59 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ ընթացիկ տարվա մարտին Թրամփին աջակցում էր CNN-ի՝ այդ ամսին անցկացրած հարցման մասնակիցների 45 տոկոսը: Բացի այդ, Թրամփի ժողովրդականության ներկայիս ցուցանիշները ԱՄՆ-ի բոլոր նախագահների համանման ցուցանիշներից ամենավատն են նրանց կառավարման առաջին տարվա վերջին օրացուցային ամսվա դրությամբ, նշում է հեռուստաալիքը:
Այսպես, Ջորջ Բուշ Կրտսերն իր նախագահության առաջին տարին ավարտել է աջակցման մոտավորապես 86 տոկոս մակարդակով, Ջոն Քենեդին՝ 77 տոկոսով, Դուայթ Էյզենհաուերը՝ 69 տոկոսով, Ռիչարդ Նիքսոնին, Ջիմի Քարթերին, Բիլ Քլինթոնին եւ Բարաք Օբամային իրենց կառավարման առաջին տարվա վերջին աջակցում էր ամերիկացիների 55-59 տոկոսը: Հարցումն անցկացվել է դեկտեմբերի 14-ից մինչեւ 17-ը, դրան մասնակցել են հազարից ավելի ամերիկացիներ: Հարցման արդյունքների վիճակագրական անճշտությունը կազմում է մոտավորապես 3,8 տոկոսային կետ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: