ՉԺՀ-ի և ԵԱՏՄ-ի տնտեսական գործընկերության համաձայնագիրը պատրաստ է
Եվրասիական տնտեսական միության եւ Չինաստանի տնտեսական գործընկերության մասին համաձայնագիրը պատրաստ է եւ կարող է ստորագրվել հաջորդ տարվա սկզբին: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը:
«Ինչ վերաբերում է, մի կողմից՝ Չինաստանինի եւ, մյուս կողմից՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեւաչափով բանակցություններին, ապա այստեղ առավելագույն չափով պատրաստ է բազային փաստաթուղթը՝ տնտեսական գործընկերության համաձայնագիրը, որը քանիցս քննարկվել է մեր երկրների փորձագետների կողմից: Խնդիր էր դրված փաստաթղթի վրա աշխատանքն ավարտել մինչեւ այս տարվա վերջը: Որքան ես գիտեմ՝ այդ աշխատանքն ընդհանուր առմամբ ավարտված է:
Այժմ հարցն այն է, թե որտեղ եւ երբ այդ փաստաթուղթը կարող է ստորագրվել»,-նշել է դեսպանը ռուս լրագրողներին տված հարցազրույցում: Այս տարվա հոկտեմբերի սկզբին Չինաստանի առեւտրի նախարարությունը եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը համատեղ հայտարարություն էին ստորագրել Չինաստանի եւ Եվրասիական տնտեսական միության միջեւ առեւտրատնտեսական համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցությունների պաշտոնական ավարտման մասին:
Չինաստանի եւ ԵԱՏՄ-ի միջեւ առեւտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունները պաշտոնապես մեկնարկել են 2016 թվականի հունիսի 25-ին: Այդ ժամանակվանից կողմերն անցկացրել են բանակցությունների հինգ փուլ: Դրանք վերաբերել են մաքսային ընթացակարգերին, առեւտրի զարգացմանը նպաստելուն, ինտելեկտուալ սեփականության իրավունքներին, միջգերատեսչական համագործակցությանը, պետական պատվերներին, էլեկտրոնային առեւտրին եւ այլ հարցերի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: