«ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում եմ Սերժ Սարգսյանին». Կոստանտին Զատուլին

«Հայաստանի Հանրապետությունում կառավարական համակարգի փոփոխությունից հետո երկրի վարչապետի պաշտոնում  տեսնում եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՌԴ Պետդումայի պատգամավոր, ՌԴ ԱՊՀ երկրների, Եվրասիական ինտեգրացման և համերկրացիների հետ կապերի գործերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար, ՌԴ Անվտանգության խորհրդին կից գիտխորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը:

«Գուցե ես սխալվում եմ, սակայն ես տեսնում եմ Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի դերում՝ իր նախագահական լիազորությունները դադարեցնելուց հետո: Չեմ կարող ասել, թե ով կլինի նրա հաջորդը՝ նախագահի պաշտոնում, սակայն կարծում եմ, որ այդ հարցը կլուծվի: Հայաստանի նախորդ շրջանի պատմությունն ինձ ապացուցել է, որ հայ քաղաքական գործիչները կարող են լսել կարծիքներ և ընդունել որոշումներ, որոնք ի վերջո թույլ են տալիս Հայաստանին՝ շարունակել ճանապարհն առանց լուրջ ներքին կատակլիզմների»,- նշեց Զատուլինը:

Այս համատեքստում Զատուլինն ասաց, որ Ռուսաստանը մեծապես տպավորված էր Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացմամբ, որի արդյունքում, նրա խոսքով՝ ի տարբերություն նախորդ դեպքերի՝ չեղան դժգոհության մեծ բռնկումներ, մեղադրանքներ.

«Ընտրությունների արդյունքներն այդ պահին բավարարեցին բոլորին, և ինչ-որ մեկի հաղթանակը կամ պարտությունն ընդունվեց օբյեկտիվորեն: Դա մեզ վրա մեծ տպավորություն է գործել»։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ՀՀ-ում սպասվող կառավարական համակարգի փոփոխությանը, ՌԴ պատգամավորն ասաց, որ բոլոր խորհրդարաններում չէ, որ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, շատ դեպքերում դրանք ընդունվում են խորհրդարանական մեծամասնության կողմից.

«Այդ խորհրդարանական մեծամասնությունն այսօր ամուր կերպով պատկանում է Հանրապետական կուսակցությանը, և ես չեմ կանխատեսում որևէ կատակլիզմ՝ նախագահական համակարգից խորհրդարանական համակարգի անցման շրջանում»։

Նա անդրադարձավ նաև ԱԺ «Ելք» խմբակցության կողմից ներկայացված՝ ԵՏՄ-ից դուրս գալու վերաբերյալ նախագծին, նշեց, որ Ռուսաստանում դրան հանգիստ էին վերաբերվում, քանի որ վստահ էին՝ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունն այլ կարծիքի է և չի պաշտպանի այդ առաջարկը։

Տեսանյութեր

Լրահոս