Ռուսական կողմը վերականգնել է Թուրքիայում ՌԴ դեսպանին սպանած անձի համակարգչից ջնջված տվյալները
Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետաքննության նպատակով այդ երկիր ժամանած ռուսական պատվիրակությունը կարողացել է վերականգնել մարդասպանի համակարգչից ոչնչացված տվյալները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Դեսպանի սպանությունից հետո Թուրքիայի և Ռուսաստանի կողմից տարվող հետաքննության շրջանակում ուսումնասիրվում էր մարդասպան Մևլութ Մերթ Ալթընթաշի համակարգչի կոշտ սկավառակը: Ռուսական պատվիրակությունը կարողացել է վերականգնել սկավառակից ջնջված նյութերը:
Թուրքական լրատվամիջոցը նշում է, որ ջնջված նյութերի շարքում շատ տվյալներ կան Ֆեթուլլահ Գյուլենի, նրա ղեկավարած «Հիզմեթ» շարժման, գյուլենականների վերաբերյալ:
Անկարայում Ժամանակակից արվեստների պատկերասրահում, ուր տեղի էր ունենում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» ֆոտոցուցահանդեսի բացումը, 2016 թվականի դեկտեմբերի 19-ին 22-ամյա թուրք Մևլութ Մերթ Ալթընթաշը թիկունքից կրակել էր Թուրքիայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Անդրեյ Կառլովի վրա, ով մահացել է: Մարդասպանը չեզոքացվել և սպանվել էր թուրք իրավապահների կողմից:
Թուրքական կողմը հայտարարել էր Ալթընթաշի՝ գյուլենականների հետ առնչություն ունենալու մասին: