«Ազգային ժողովը կառավարության գերին չէ, սենց չի լինի, պարոն Բաբլոյան ջան». Էդմոն Մարուքյան
«Շատ կարճ ժամանակ է տրվում նման կարևորագույն օրենքների քննարկման համար, ինչը կառավարության սխալ աշխատանքի արդյունքն է»,- այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեցին «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը և Արտակ Զեյնալյանը:
«Ելքի» մեկ այլ պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ հայտարարեց, որ նման օրենքները նման քննարկման տանելը սխալ է. «Ազգային ժողովը կառավարության գերին չէ, մենք չե՞նք կարողանում ասել, որ օրենքները 1 ամիս շուտ ուղարկեն, սենց չի լինի, պարոն Բաբլոյան ջան»:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ հայտարարեց, որ կառավարության այս գործելաոճն անընդունելի է. «Ես հասկանում եմ, որ 21-րդ դարն արհեստական ինտելեկտի դար է, բայց դա դեռ ՀՀ չի հասել: Միգուցե շատ են ուղղակի կոճակ սեղմողները, բայց «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը այդ «սրբազան» պարտքը կատարելու ջատագովը չեն»:
Ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ առաջարկում է շարունակել աշխատանքաները, քանի որ քվեարկություններն արդեն արել են.
«Ավարտել ենք արդեն, ըստ դրանց էլ պետք է աշխատել, յուրաքանչյուր պատգամավոր իր կարծիքն արտահայտում է քվեարկությամբ, ավելորդ կրքերի բորբոքումը շահեկան չէ հենց մեր իսկ աշխատանքների համար, 4 հոգի է ընդամենը դեմ քվեարկել»: