Պաղեստինը ՄԱԿ-ին խնդրել է Գլխավոր ասամբլեայի արտահերթ նստաշրջան անցկացնել
Պաղեստինը խնդրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) արտահերթ հատուկ նստաշրջան անցկացնել այն բանից հետո, երբ Անվտանգության խորհրդում (ԱԽ) քվեարկության ընթացքում ԱՄՆ-ը վետո դրեց Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ ուղղված բանաձեւի նախագծի վրա: Այդ մասին հայտնել են արեւմտյան զանգվածային լրատվամիջոցները:
Դրանց տեղեկատվության համաձայն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը կդրվի բանաձեւի նախագիծը: Ինչպես սպասվում է, ԳԱ-ն փաստաթղթի շուրջ քվեարկություն կանցկացնի առաջիկա շաբաթներին, հայտնել է Միացյալ Նահանգների Fox News հեռուստաալիքը:
«Գլխավոր ասամբլեայի բանաձեւը նույն կշիռը չունի, որքան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւը, բայց կցուցադրեր միջազգային ընդհանուր համաձայնությունը նախագահ Թրամփի կողմից Երուսաղեմն (Իսրայելի մայրաքաղաք – խմբ.) ճանաչելու միակողմանի որոշման նկատմամբ»,- գրում է CNN-ը:
Դեկտեմբերի 18-ին ավելի վաղ ԱՄՆ-ն օգտագործել է վետոյի իրավունքը, որպեսզի արգելափակի Եգիպտոսի կողմից առաջարկված բանաձեւի նախագիծը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու դեմ: ՄԱԿ-ի ԱԽ-ի մյուս բոլոր անդամները պաշտպանել են այդ փաստաթուղթը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: