«Հայաստանը բարեփոխումների իրականացման վճռորոշ փուլում է». Պյոտր Սվիտալսկի

«Հայաստանը բարեփոխումների իրականացման վճռորոշ փուլում է, որտեղ անհրաժեշտ է քաղաքացիական հասարակության վճռորոշ էներգիան»,-այսօր կազմակերպված «Քաղաքացիական հասարակության դերը Հայաստանում հանրային քաղաքականության օրակարգի ձևավորման և հաշվետու կառավարումն ապահովելու մեջ» թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Դեսպանն ընդգծեց, որ բարեփոխումների թիվ մեկ թշնամին մարդկանց ապատիան է, դրա համար քաղաքացիական հասարակության հետ աշխատանքը կարևոր է.

«Մարդկանց, ովքեր ուզում են ակտիվ լինել, պետք է քաջալերել ու խրախուսել։ ԵՄ հետ ծրագրերի աջակցման բոլոր փուլերում պետք է հաշվի առնվի քաղհասարակության խոսքը: Նրանց կարծիքը պետք է հաշվի առնվի մեր ծրագրերի իրականացման բոլոր կարևոր փուլերում, հատկապես, երբ խոսքը բյուջետային ծրագրերի մասին է»։

Դեսպանի խոսքով՝ ԵՄ-ն ունի 20 մլն եվրոյի հասնող ծրագրային փաթեթ՝ պետական կառավարման բարեփոխումների համար, որին ակտիվ մասնակցություն պետք է ունենա նաև քաղաքացիական հասարակությունը.

«Դեռևս չեմ լսել կառավարությունից որևէ բացասական արձագանք սրան։ Կառավարությունը ցույց է տվել, որ շահագրգռված է, որպեսզի դուք խոսեք․ օգտվեք առիթից։ Կան նոր զարգացումներ, որոնք ցույց են տալիս, որ կառավարությունն ուշադիր է առ այն, թե ինչ է ասվում։ Քաղհասարակության զարգացմանը կնպաստի նաև սոցիալական ձեռնարկատիրության զարգացումը: Պետական-մասնավոր հզոր երկխոսություն է անհրաժեշտ, որում գործատուները ներգրավված կլինեն: Գործատուները պետք է ավելի կազմակերպված ու հզոր ձայնով խոսեն: Նրանց ձայնը պետք է լսելի լինի, հատկապես, երբ կառավարությունը տնտեսական բարեփոխումներ է պլանավորում»,- ասաց նա։ Դեսպանն ընդգծեց, որ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Աշխատանքային օրենսգրքում», ինչից կարող են օգտվել արհմիությունները.

«Մենք գիտակցում ենք, որ Հայաստանին անհրաժեշտ է ունենալ հզոր արհմիություններ, և որոշակի գումարներ ենք տարամադրել դրա համար։ Մենք չենք կարող որևէ բան պարտադրել: Մենք կարող ենք տեխնիկական, փորձագիտական գիտելիքներ տրամադրել, աջակցել կարողությունների զարգացմանը, օրենսդրական աշխատանքների հարցում էլ կարող ենք աջակցել: Մենք վճարել ենք e-draft նախագծի համար, և համոզված ենք, որ այն կարդարացնի իրեն: Նախագիծը լավ է աշխատում»,-ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս