
Թուրքական հոսք գազատարը Հունաստանի փոխարեն կանցնի Բուլղարիայով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ սկսված «Թուրքական հոսք» անվանումով գազատարի ուղեգծի մեջ փոփոխություն է տեղի ունեցել: Ըստ թուրքական «Haberturk» թերթի՝ գազատարը Թուրքիայից դեպի Եվրոպա կանցնի ոչ թե Հունաստանի, այլ Բուլղարիայի տարածքով:
Նշվում է, որ գազատարը, որով նախատեսվում է ռուսական գազը հասցնել Եվրոպա, Բուլղարիայից հետո կանցնի Ռումինիայով, ապա Հունգարիայով՝ հասնելով մինչև Ավստրիա:
Ըստ աղբյուրի՝ Թուրքիան արդեն ամենաբարձր մակարդակով բանակցություններ է վարում Բուլղարիայի հետ, և Բուլղարիայում արդեն սկսվել են գազատարի կառուցման նախապատրաստական աշխատանքներ:
Հիշեցնենք, որ «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ Ռուսաստանն ու Հունաստանը պայմանավորվածություն էին ձեռք բերել դռևս 2015 թվականին՝ ստորագրելով համապատասխան միջպետական համաձայնագիր: Սակայն, հակառակ դրան, Թուրքիան ու Հունաստանը չէին կարողացել վերջնական համաձայնության գալ նույն նախագծի վերաբերյալ:
«Թուրքական հոսք» նախագծի շնորհիվ ռուսական գազը Սև ծովի միջոցով կարտահանվի Եվրոպա: Գազատարը պետք է հասցվեր մինչև թուրք-հունական սահմանը, իսկ այդտեղից արդեն դեպի Եվրոպա գազատարի շարունակության կառուցման համար Ռուսաստանը պետք է նոր պայմանավորվածություններ ձեռք բերեր եվրոպական երկրների հետ: