Ռախոյը խոստացել է երկխոսություն վարել Կատալոնիայի նոր իշխանությունների հետ
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը մտադիր է երկխոսություն վարել Կատալոնիայի նոր ժեներալիտետի հետ, որը ձեւավորվելու է տարածաշրջանային խորհրդարանի դեկտեմբերի 21-ին կայանալիք ընտրությունների արդյունքներով:
Այդ մասին նա հայտարարել է Պատգամավորների կոնգրեսում: «Հուսով եմ, որ ամեն ինչ շուտով կնորմալանա, եւ մենք կկարողանանք, ինչպես որ միշտ եղել է 1978 թվականից (Իսպանիայի Սահմանադրության ընդունման տարին) սկսած, նորմալ եւ քաղաքակիրթ երկխոսություն վարել»,-հայտարարել է վարչապետը: Նրա խոսքով՝ Կատալոնիայի իշխանությունների հետ ցանկացած բանակցություն հնարավոր է միայն «գոյակցության կանոնները հարգելու դեպքում, որոնց շուրջ մենք բոլորս պայմանավորվել ենք»:
Նա հիշեցրել է, որ ինքնավար հանրակցության նախկին ղեկավարությունը, չնայած Սահմանադրական դատարանի արգելքին, հանրաքվե անցկացնելով եւ միակողմանի կարգով անկախության հայտարարելով, խախտել է այդ կանոնները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: