«Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի հաղթելու հավակնորդների մրցաշարում». Միքայել Անդրիասյան
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը մեծ հնարավորություններ ունի շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Միքայել Անդրիասյանը:
«Ներքին համոզվածություն ունեմ, որ 2018 թվականը Լևոնի տարին է լինելու: Կարծում եմ Լևոն Արոնյանը կկարողանա հաղթել հավակնորդների մրցաշարում: Հավակնորդների մրցաշարում այս տարի այնպիսի շախմատիստներ են, ովքեր բոլորն էլ պայքարելու են առաջին տեղի համար: Ուժեղ և համազոր մրցակիցներ են»,-ասաց Անդրիասյանը:
Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում կայանալիք հավակնորդների մրցաշարին կմասնակցեն՝ Լևոն Արոնյանը, Շախրիար Մամեդյարովը, Ֆաբիանու Կարուանան, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը, Դին Լիժենը, Ալեքսանդր Գրիշչուկը և Սերգեյ Կարյակինը:
Հավակնորդների մրցաշարը տեղի կունենա 2018 թվականի մարտի 10-28-ը: Հաղթողն իրավունք կստանա մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղին՝ Մագնուս Կարլսենի դեմ: