«Թոմաս» հրդեհն առնվազն 900 շենք է ոչնչացրել Կալիֆոռնիայում
Առնվազն 900 շենք է այրվել «Թոմաս» բնական հրդեհի պատճառով, որն արդեն գրեթե հազար քառակուսի կիլոմետր տարածք է ընդգրկել ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգում: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:
Նրա տվյալների համաձայն, կրակի ճարակ դարձած 900 շենքերից առնվազն 700-ը բնակելի տներ էին: Ներկայում հրդեհն սպառնում է ընդհանուր առմամբ 18 հազար կառույցների եւ Կալիֆոռնիայում մոլեգնում է արդեն 10 օր:
Դրա հետ մեկտեղ «Թոմաս» հրդեհը տարածման չափերով հինգերորդն է դարձել նահանգի պատմության մեջ, նշում է AP-ն:
Նախօրյակին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նահանգում արտակարգ դրություն է հայտարարել, ինչպես նաեւ դաշնային գործակալություններին կոչ է արել օգնություն ցուցաբերել Կալիֆոռնիայում հրդեհների վերացման գործում:
Կրակի արագ տարածման կապակցությամբ նահանգի իշխանությունները կարգադրել են տարհանել ավելի քան 200 հազար մարդու, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: