«Երուսաղեմի վերաբերյալ Էրդողանի և Ռուսաստանի դիրքորոշումները չեն համընկնում». Պեսկով
Ռուսաստանին հայտնի է պաղեստինա-իսրայելական հակամարտության վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դիրքորոշումը. տվյալ դեպքում այն չի համընկնում Մոսկվայի դիրքորոշման հետ, որը քաջ հայտնի է: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Ավելի վաղ Էրդողանը, ելույթ ունենալով Իսլամական համագործակցության կազմակերպության՝ Ստամբուլում ընթացող արտահերթ գագաթնաժողովում, Իսրայելը համարել է «ահաբեկչական պետություն» եւ առաջարկել է Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակել ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, որը քաղաքը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաքը:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը «ոտնահարել է միջազգային նորմերը», երբ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել:
«Բավական է այնտեղ մի քանի քայլ անել՝ հասկանալու, որ քաղաքը բռնազավթված է: Իսրայելն ահաբեկչական պետություն է: Ահաբեկիչ զինվորականները բռնում են երեխաներին ու նրանց բանտ նետում»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը:
Նա կոչ է արել Երուսաղեմը ճանաչել «բռնազավթված Պաղեստինի» մայրաքաղաք եւ շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք դատապարտել են Դոնալդ Թրամփի որոշումը:
«Ես հավատում եմ, որ ՄԱԿ-ի անդամ 196 երկրները ցույց ի հայտ կբերեն իրենց ճիշտ դիրքորոշումը: ԱՄՆ-ը կարող է լինել ուժեղ միջուկային տերություն: Բայց ամբողջ աշխարհը նրան չի պատկանում»,-հավելել է Թուրքիայի ղեկավարը: