Աշխարհի 100 ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում կա 2 թուրքական ընկերություն

Վերջին մեկ տարում 27.6 տոկոսով ավելացել են թուրքական «Aselsan» և «TAI» ռազմարդյունաբերական ընկերությունների կողմից զենքի վաճառքի ծավալները: Թուրքական «Haberturk» լրատվակայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնի է դարձել Ստոկհոլմի Խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտի (SIPRI) կազմած զեկույցից:

2016թ. դրությամբ ողջ աշխարհում զենքի վաճառքի ծավալները 2010թ. հետո առաջին անգամ կրկին մեծացել են: SIPRI-ի զեկույցի համաձայն՝ աշխարհի 100 ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունները 2016թ. վաճառել են 374.8 մլն դոլար ընդհանուր արժողությամբ զենք, զինամթերք և ծառայություններ: Այդ ցուցանիշը 1.9 տոկոսով գերազանցում է 2015թ. վաճառքի ծավալները և 38 տոկոսով՝ 2002թ. զենքի վաճառքի ոլորտում գրանցված արդյունքները:

Աշխարհի 100 ամենախոշոր ռազմարդյունաբերական ընկերությունների ցանկում տեղ են գտել նաև երկու թուրքական ընկերություն՝ 67-րդ հորիզոնականում գտնվող «Aselsan»-ը և 76-րդ հորիզոնականը զբաղեցնող «TAI»-ն (TUSAŞ): Երկու ընկերությունն էլ նախորդ տարվա համեմատ 5 հորիզոնականով բարելավել են իրենք դիրքերը:

«Aselsan»-ը նշված ժամանակահատվածում իրականացրել է 1 մլրդ 220 մլն դոլարի վաճառք, իկ «TAI»-ն վաճառել է 1 մլրդ 120 մլն դոլար ընդհանուր արժողությամբ զենք ու զինամթերք:

Ամենից շատ զենք վաճառած երկրների շարքում առաջատարը ԱՄՆ- է. Լավագույն 100 ընկերությունների ցանկում 38 ամերիկյան ռազմարդյունաբերական ընկերություն է տեղ գտել: ԱՄՆ-ին է բաժին ընկնում ողջ աշխարհում զենքի վաճառքի 57.9 տոկոսը: 2016թ. ամերիկյան ընկերությունների վաճառքի ծավալները ավելացել են 4 տոկոսով՝ կազմելով 217.2 մլրդ դոլար:

Եվրոպական երկրները միասին 2016թ. ընթացքում միայն 0.2 տոկոս աճ են գրանցել զենքի վաճառքի ոլորտում. վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 91.6 մլրդ դոլար: Ընդ որում, Ֆրանսիայում և Իտալիայում զենքի վաճառքի ծավալները նվազել են, Գերմանիայում և Անգլիայում՝ ավելացել: Ի դեպ, լավագույն հարյուրյակում տեղ են գտել 8 անգլիական ընկերություն, որոնք իրականացրել են 36.1 մլրդ դոլարի զենք ու զինամթերքի վաճառք՝ նախորդ տարվա համեմատ գրանցելով 2 տոկոս աճ:

Տեսանյութեր

Լրահոս