Մեռնող գործարարը հրաժեշտի ճոխ երեկույթ է կազմակերպել
Ճապոնացի գործարար Սատորու Անզակին, որին քաղցկեղ են ախտորոշել, հրաժեշտի հսկայական երեկույթ էր կազմակերպել, որին հրավիրված էր շուրջ 1000 մարդ, տեղեկացնում է BBC-ին:
Հանդիսությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 11-ին: Հրավիրվածների թվում էին Անզակիի ընտանիքի անդամները, ինչպես նաեւ նրա ընկերները, նախկին համադասարանցիներն ու համակուրսեցիները, բիզնեսի գծով գործընկերներն ու այն ընկերության աշխատակիցները, որը նա գլխավորում էր:
Անցյալում Սատորու Անզակին վեց տարի եղել է Komatsu մեքենաշինական հսկայի նախագահը: Ընթացիկ տարվա հոկտեմբերին 80-ամյա գործարարին ախտորոշել էին լեղապարկի քաղցկեղ:
«Ես շատ գոհ եմ, որ կարողացա հրաժեշտ տալ այն մարդկանց, որոնք ինձ հանդիպել են կյանքում»,- հայտարարել է նա լրագրողներին երեկույթի ավարտվելուց հետո: «Իսկ քանի որ ես ցանկանում եմ ինձ մնացած ժամանակն անցկացնել հնարավոր առավելագույն հարմարավետությամբ, ես որոշեցի հրաժարվել առաջարկված բուժումից դրա կողմնակի ազդեցությունների պատճառով»,-հավելել է նա: Առաջիկա երեկույթի վերաբերյալ հայտարարությունը նոյեմբերի 20-ին հրապարակվել էր թերթում եւ արագորեն տարածվել սոցցանցերում. օգտատերերը գրում են, որ հիացած են նրա արիությամբ եւ կատակել են, թե ինչպես հայտնվել հրավիրվածների թվում:
Հանդիսության անցկացման համար Անզակին հարկաբաժին էր վարձակալել Տոկիոյի հյուրանոցներից մեկում՝ այն զարդարելով այնպիսի առարկաներով, որոնք այս կամ այն կերպ կապված են նրա երկար կյանքի հետ:
Հրավիրվածների զվարճացնելու համար (ինչպես նաեւ սգո տրամադրությունից խուսափելու համար) նախապատրաստված անակնկալների թվում էր, օրինակ, պարային համույթը, որը կանչվել էր նրա հայրենի Տոկուսիմա պրեֆեկտուրայից: Ինչպես գրում են ճապոնական ԶԼՄ-ները, Անզակին ինքը երեկոյի ընթացքում շրջում էր հյուրերի մեջ եւ սեղմում նրանց ձեռքը՝ շնորհակալություն հայտնելով յուրաքանչյուրին:
«Դա շատ ուրախ միջոցառում էր,- NHK հեռուստաալիքին պատմել է Komatsu-ի նախկին աշխատակիցներից մեկը:- Ես ինքս էլ տառապում եմ հիվանդությունից, այնպես որ երեկույթն ինձ ստիպեց խորհրդածել այն մասին, թե ինչպես եմ ես ցանկանում ապրել իմ կյանքի մնացած մասը»: