
Իսրայելցի զինվորները 32 պաղեստինցիների են ձերբակալել Արեւմտյան ափին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկին

Իսրայելցի ուժայինները 32 պաղեստինցիների են ձերբակալել Հորդանան գետի Արեւմտյան ափին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ իսլամիստական շարժման ղեկավարներից մեկին՝ Հասան Յուսեֆին: Այդ մասին հայտնել են զինվորականները:
Գործողությունն անցկացվել է ՇԱԲԱԿ հակաահաբեկչական հատուկ ծառայության եւ սահմանապահ ոստիկանության հետ համատեղ: Ձերբակալվածներին կասկածում են բռնությունների ծավալման մեջ, որոնց կատալիզատորը դարձավ Երուսաղեմը հրեական պետության մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահի հայտարարությունը:
Պաղեստինցիների վրդովմունքը վերաճեց «երրորդ ինտիֆադան» սկսելու կոչերի, տասնյակ ընդհարումների, զինված հարձակումների եւ հրթիռակոծումների: Զինվորական հրամանատարության ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հաստատել է, որ ձերբակալվածների թվում է Հասան Յուսեֆը:
Պաղեստինցի իսլամիստների շարժումը վերահսկում է Գազայի հատվածը, իսկ Արեւմտյան ափին ընդդիմություն է ՖԱԹՀ-ի նկատմամբ, որն այնտեղ կառավարում էՊաղեստինյան ազգային վարչակազմի ինստիտուտների միջոցով:
Յուսեֆը, որը 63 տարեկան է, ոչ միայն համարվում է քաղաքական ղեկավար, այլեւ ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկը: Զինակիցները նշում են, որ նրան ձերբակալել են ավելի քան մեկուկես տասնյակ անգամ, եւ նա 20 տարի անցկացրել է բանտում: