Ասադի քաղաքական ապագան որոշելու են սիրիացիները. Պետդեպարտամենտ
Սիրիայի բնակիչներն իրենք են որոշելու՝ երկրի ներկայիս նախագահ Բաշար Ասադը պետք է արդյոք մնա իր պաշտոնում: Այդ մասին լրագրողների համար անցկացված բրիֆինգում հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը:
«Մենք գտնում ենք, որ Սիրիայի ապագան չի ներառելու Բաշար Ասադին, բայց վերջին հաշվով դա կորոշեն Սիրիայի բնակիչներն ու ընտրողները»,- ասել է նա: Սիրիայից ՌԴ-ի զորակազմի դուրսբերումն սկսելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությունը մեկնաբանելու խնդրանքին ի պատասխան Նաուերթն ասել է. «Ռուսաստանը կարող է համարել, որ Սիրիայում իր աշխատանքն ավարտված է: Մեր աշխատանքը Սիրիայում ավարտված չէ»:
Ավելի վաղ The New Yorker հանդեսը հայտնել է, որ Վաշինգտոնը մտադիր չԷ մինչեւ 2021 թվականը փորձել իշխանությունից հեռացնել Սիրիայի նախագահ Բաշար Ասադին: Եվրոպացի եւ ամերիկացի չինովնիկների թվից նրա աղբյուրների տեղեկությունների համաձայն, Դոնալդ Թրամփի վարչակազմը «պատրաստ է ընդունել նախագահ Բաշար Ասադի կառավարման շարունակումը մինչեւ 2021 թվականին Սիրիայում կայանալիք հաջորդ նախագահական ընտրությունները»: Այս որոշումը նահանջ է ԱՄՆ-ի կողմից քանիցս կրկնված այն հայտարարություններից, որ Ասադի պաշտոնաթողությունը պետք է դառնա խաղաղ կարգավորման բաղադրատարրերից մեկը:
Հրատարակության գնահատմամբ՝ Վաշինգտոնի այս դիրքորոշումը պայմանավորված է ամերիկյան վարչակազմի «սահմանափակ հնարավորություններով», արաբական երկրում ռազմական տեսանկյունից ստեղծված իրադրությամբ, ինչպես նաեւ «Սիրիայի դաշնակիցների հաջողություններով ի դեմս ռուսների, իրանցիների եւ «Հըզբոլլահ»-ի»; Հոդվածում նշվում է, որ «օդից Ասադին աջակցություն ցուցաբերելու» Մոսկվայի որոշումը «բեկումնային պահ դարձավ» եւ թույլ տվեց Սիրիայի նախագահին՝ պահպանելու իշխանությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: