
Որն է 2017 թվականի լավագույն սարսափ ֆիլմը

Ջուլյա Դյուկոռնոյի՝ մարդակեր ուսանողների մասին «Հում-հում» ֆիլմը, ըստ Rolling Stone հանդեսի վարկածի, դարձել է 2017 թվականի լավագույն հորրորը։ Նշվում է, որ ժապավենը դարձել է ֆրանսիացի ռեժիսոր Ջուլյա Դյուկոռնոյի դեբյուտը:
Կինոնկարը Կինոքննադատների միջազգային ֆեդերացիայի FIPRESCI մրցանակն է ստացել Կաննի կինոփառատոնում, որտեղ առաջադրված էր երեք անվանակարգերում: Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Ջորդան Փիլի «Հեռո՛ւ անձանից» ամերիկյան հորրորը: Ֆիլմը պատմում է սեւամորթ երիտասարդի եւ նրա ընկերուհու հարուստ ծնողների ծանոթության մասին, որոնք, պարզվում է, անողոք ռասիստներ են:
Երրորդ դիրքում ավստրալացի ռեժիսոր Բեն Յանգի «Սիրո սուրհանդակը» դեբյուտային կինոնկարն է, որի սյուժեի համաձայն, մոլագարը եւ նրա ընկերուհին առեւանգում, բռնաբարում եւ սպանում են բարձրդասարանցի աղջիկներին:
Լավագույնների տասնյակում նաեւ տեղ են գտել «Մահաբեր հողը», «Փետրվար», «Սպլիտ», «Այն գալիս է գիշերը», «Մահվան ընծաները» եւ «Շատ մութ ժամանակներ» ֆիլմերը: Վերջին հորիզոնականն զբաղեցրել է Դարեն Արոնոֆսկու «Մայրի՛կ» ժապավենը, որում գլխավոր դերը խաղացել է Ջենիֆեր Լոուրենսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: