Մեքսիկան բալանսավորված դիրքորոշում ունի ԼՂ խնդրում. ՀՀ դեսպանի հարցազրույցը «Էլ Ունիվերսալ»-ին

Ոչ մի երկիր իրավունք չունի արգելել այլ երկրի ներկայացուցիչների ազատ տեղաշարժը: Այս մասին «Էլ Ունիվերսալ» թերթին տված հարցազրույցում ասել է Մեքսիկայում ՀՀ դեսպան Արա Այվազյանը՝ անդրադառնալով պաշտոնական Բաքվի կողմից բարձրացված հիստերիային՝ կապված մեքսիկացի պատգամավորների՝ Արցախ այցելելու փաստի հետ:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային խնդիր չէ, այն ևս մեկ ցեղասպանություն կանխելու ջանք է. Այն, ինչ թուրքերը չկարողացան անել հայերի դեմ, ադրբեջանցիները ցանկացան անել Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ: Հայաստանը երբեք թույլ չի տա, որ նման ողբերգություն պատահի, քանի որ Հայաստանը միջազգային մակարդակով ցեղասպանությունների կանխարգելման և պատժման երաշխավորներից է: Պատգամավորների այցի կապակցությամբ բարձրացված հիստերիան միայն մեկ նպատակ ունի. խուսափել նման այլ այցերից, թեպետ դա նրանց ուզածից բացարձակ հակառակ ազդեցությունն ունեցավ»,- հայտարարել է դեսպանը:

Այվազյանն ընդգծել է, որ մեքսիկացի պատգամավորներ Բլանկա Մարգարիտա Կուատա Դոմինգեսի, Մարիա Կրիստինա Տերեսա Գարսիա Բռավոյի և Կառլոս Էռնանդես Միրոյի այցն իրականացվել է սեփական միջոցներով՝ առաջին ձեռքից իմանալու Լեռնային Ղարաբաղում տիրող իրադրության մասին: «Մենք նրանցից հայամետ կամ հակաադրբեջանական որևէ հայտարարություն չէինք ակնկալում, մենք պարզապես ցանկանում էինք, որ նրանք առաջին ձեռքից տեսնեն, թե ինչ է այդտեղ տեղի ունենում»,- նշել է դիվանագետը:

Դեսպանը հավաստիացրել է, որ մեքսիկացի պատգամավորների այցն Արցախ «քաղաքական քաջության դրսևորում էր» և հավելել, թե նրանք չեն լինի առաջին կամ վերջին պատգամավորները, ովքեր կայցելեն Լեռնային Ղարաբաղ:

Արա Այվազյանն ընդգծել է, որ այցի հարցով հանդիպում է ունեցել Մեքսիկայի խորհրդարանի Ստորին պալատի նախագահի հետ: «Ես չեմ ասի, թե ինչ է խոսվել այդ հանդիպման ժամանակ, սակայն այն, ինչ քննարկեցինք, չափազանց գոհացուցիչ էր»,- հայտարարել է նա՝ ընդգծելով, թե ևս մեկ անգամ համոզվել է, որ Մեքսիկայի դիրքորոշումն այս հարցում բալանսավորված է:

Տեսանյութեր

Լրահոս