
Ձյան առատ տեղումների պատճառով Բելգիայում ավելի քան 900 կմ երկարությամբ խցանումներ են առաջացել

Բելգիայում առավոտյան ձյան առատ տեղումներից հետո, որոնք փոխարինել են գիշերային անձրեւին, ձմեռային սեզոնի ավտոմոբիլային խցանումների ազգային ռեկորդ է սահմանվել, դրանց երկարությունը գերազանցել է 900 կիլոմետրը։
«900 կիլոմետր խցանումների նշագիծը գերազանցված է»,- հայտնել է RTBF ալիքը՝ վկայակոչելով Touring ճանապարհային օգնության եւ ապահովագրության ընկերությունը: Բելգիական չափավոր կլիմայի համար անսովոր քանակությամբ ձյունը՝ անձրեւի հետ զուգակցված, զգալի սառցակալած հատվածներ առաջացնելով ճանապարհներին, լուրջ խնդիրներ է ստեղծել ավտոմոբիլային երթեւեկության համար, առանձնապես երկրի հյուսիսում՝ ընդհուպ մինչեւ Հյուսիսային ծովի ափը:
Երկրի հարավում՝ Վալոնիայում, երկրորդ օրն է, ինչ ձյուն է տեղում: Շատ ավտոմոբիլիստներ նախօրյակին երեկոյան արգելափակվել են Արդեններով Լյուքսեմբուրգ տանող ավտոմայրուղում: Զանգվածային լրատվամիջոցները տեղեկացնում են երթեւեկության բարդ պայմանների պատճառով գնացքների ուշացումների մասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: