
«Սահմանադրական բարեփոխումները չեն անդրադառնա ԼՂ հակամարտության վրա». քաղաքագետ

Հայաստանում 2018 թվականին նախատեսվող սահմանադրական բարեփոխումները Ղարաբաղյան հակամարտության վրա որեւէ կերպ չեն անդրադառնա: Լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: «2018 թվականին այդ գործընթացից հետո փոփոխություններ կլինեն, բայց հիմնականում ներքաղաքական կյանքում»,-ասաց նա:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը՝ Իսկանդարյանը համոզմունք հայտնեց, որ հակամարտության կարգավորման բուռն գործընթացի հեռանկար չկա և չի էլ կարող լինել:
«Հակամարտությունն այս պահին այն փուլում չի գտնվում, որ հնարավոր լինի ինչ-որ կտրուկ փոփոխություններ ակնկալել: Հաջորդ տարի էսկալացիան խոշոր հաշվով կշարունակվի, բայց լայնածավալ պատերազմ չեմ սպասում»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը հաջորդ տարի եւս կշարունակի իր քաղաքականությունը եւ կանի այն, ինչ մինչ հիմա արել է` բանակցություններն ուղեկցելով պարբերական էսկալացիայով: