«Սերժ Սարգսյանի ելույթը շատ սպասված ելույթ էր». Էդմոն Մարուքյան

«Սերժ Սարգսյանի ելույթը շատ սպասված ելույթ էր, որովհետև երկար տարիներ բոլորս գիտենք, որ ունենք գող ու թալանչի համայնքի ղեկավարներ, որոնք մեր աչքի առաջ հարստացել են, մեր քաղաքների, գյուղերի հողերը, անշարժ գույքերը, քաղաքի կենտրոնում գտնվող շենքերը սեփականաշնորհել են իրենց պաշտոնավարման շրջանում։ Թալանել են՝ ինչպես կարողացել են, թալանել են՝ առանց հանգստանալու, առանց շունչ քաշելու, ծարավի պես են թալանել։ Դա բոլորս գիտեինք: Եվ հարց է առաջանում՝ լավ, այս մարդն ամեն ինչ օրինակա՞ն է անում։

Եվ, փաստորեն, հանրապետության նախագահի այդ ելույթով արձանագրվեց, որ բարձր իշխանությունը տեղյակ է եղել թալանի մասին, իրավապահ մարմիններն իրենց տեղում են գտնվել, այսինքն՝ քրեական գործեր են հարուցել, բայց երբ հասել է նրան, որ մարդը պետք է դատապարտվի, և ինչ-որ մարզպետ, տարածքային կառավարման նախարար, չգիտեմ ով միջնորդել է, ու այդ մարդկանց ներել են»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ խոսելով օրերս համայնքապետերի հետ Սերժ Սարգսյանի հանդիպման և ելույթի մասին:

Ըստ նրա՝ պատճառաբանել են, թե պետք է տեղական ինքնակառավարումը կայանա, և այդ ընթացքում կարող են թերություններ լինել, բայց ոչ թե ՏԻՄ-ն է կայացել, այլ կայացել է թալանչիների մի մեծ խմբավորում, որը հետագայում ծառայություններ է մատուցել ամեն ընտրության ժամանակ:

Է. Մարուքյանի համոզմամբ՝ իրականում նրանք ներվել են՝ լավ ձայներ հավաքելու, ընտրակաշառք բաժանելու համար:

Ընդ որում, Է. Մարուքյանի կարծիքով, ներվողներն առաջին հերթին՝ ՀՀԿ անդամներ են։ Նա հիշեցրեց, որ ՀՀ-ն «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կենտրոնի կոռուպցիայի ընկալման համաթվով 113-րդ տեղում է՝ Բոլիվիայի հետ միասին. «Այդ ամեն ինչն օդից չի»։

«Ինչ վերաբերում է հաղորդման մասին, եթե ես լինեի գլխավոր դատախազը, ապա ընթացք կտայի ու կզբաղվեի այդ գործով, տեսնեի, թե որ մարզպետներն ում համար են միջնորդել ու ինչ ընթացակարգերով են ներվել։ Գիտեք, հանրապետության նախագահը Սահմանադրությամբ ներման սահմանադրական լիազորություն ունի, և դատապարտյալները կարող են նամակ գրել ու ներվել։ Մենք գիտենք նման դեպքեր, բայց ես չեմ հիշում համայնքի ղեկավարներ, որոնք թալանել են, դատապարտվել են, հետո ներվել են։ Այսինքն՝ նրանք ներվել են ոչ սահմանադրական ընթացակարգերով»,- ասաց Է. Մարուքյանը։

Այս հայտարարությամբ, նշեց պատգամավորը, Սերժ Սարգսյանը համայնքապետերին մինչև Նոր տարի ժամանակ տվեց, ասաց՝ «ինչ կարող եք, արեք, հետո՝ չէ»: Թե ինչո՞ւ մինչև Նոր տարի, Է. Մարուքյանի կարծիքով, հավանաբար խորհրդարանական կառավարմանն անցում կատարելու հետ է կապված։

Տեսանյութեր

Լրահոս