Իրանի ԱԳ նախարարը կոչ է արել ԵՄ-ին՝ չհետևել ԱՄՆ-ի օրինակին միջուկային գործարքը քննարկելիս
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը կոչ է արել եվրոպական երկրներին՝ չհետեւել ԱՄՆ-ի օրինակին եւ «նոր անհարկի ճգնաժամի» տեղիք չտալ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը քննարկելիս։
«Մեր գլխավոր խնդիրն այժմ եվրոպական երկրներին այն հարցերի շուրջ տատանումների մասին նախազգուշացնելն է, որոնք դուրս են գալիս միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի շրջանակներից, եւ Սպիտակ տան հետքերով ընթանալու մասին»,-գրել է Զարիֆը «Նյու Յորք Թայմս» ամերիկյան թերթի համար պատրաստված նյութում, նշելով, որ «ԱՄՆ-ի անհուսալիությունը կլիմայից մինչեւ Պաղեստինին վերաբերող հարցերում կանխատեսելի է դարձել»:
Զարիֆն ընդգծել է, որ «միջուկային ծրագրի շուրջ կնքված գործարքը դիվանագիտության հազվագյուտ հաղթանակն է դիմակայության նկատմամբ եւ սխալի կլիներ խախտել այն»: «Եվրոպան չպետք է համակերպվի հերթական անհարկի ճգնաժամին միտված Վաշինգտոնի վճռականության հետ՝ լինի դա Իրանի հրթիռային ծրագիրը կամ մեր ազդեցությունը Մերձավոր Արեւելքում»,-նշել է նա:
Իրանը եւ միջազգային բանակցորդների «վեցյակը» 2015 թվականի հուլիսի 14-ի գիշերը պատմական համաձայնության են հասել իրանական բազմամյա միջուկային հիմնախնդրի կարգավորման շուրջ: Երկարատեւ բանակցություններն ավարտվել են Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) ընդունմամբ:
2016 թվականի հունվարի 16-ին հայտարարվել է ԳՀՀԾ-ի իրականացումն սկսելու մասին, որին հավանություն է տրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւով:
Այդ ծրագիրը նախատեսում է ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային գործունեությունը՝ այն դնելով միջազգային հսկողության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: