Կորսիկայի ազգայնականների կոալիցիան հաղթանակ է տարել տարածաշրջանային Ժողովի ընտրություններում
Ազգայնականների «Հանուն Կորսիկայի» կոալիցիան, որի մեջ մտնում են ինչպես կղզու ինքնավարության ընդլայնման կողմնակիցները, այնպես էլ քաղաքական գործիչներ, որոնք հանդես են գալիս Ֆրանսիայից անկախանալու օգտին, համոզիչ հաղթանակ է տարել տարածաշրջանային Ժողովի ընտրություններում: Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը:
Դեկտեմբերի 10-ին Կորսիկայում կայացել է կղզու Ժողովի երկու դեպարտամենտները՝ Վերին Կորսիկան եւ Հարավային Կորսիկան միավորող տեղական ինքնակառավարման միասնական մարմնի՝ Ժողովի ընտրությունների երկրորդ փուլը:
Վճռվում էր 63 պատգամավորական մանդատների ճակատագիրը: Քվեարկությանը կարող էին մասնակցել ձայնի իրավունք ունեցող 234 հազար կորսիկացիներ: Բոլոր քվեաթերթիկների հաշման արդյունքում հայտարարվել է, որ «Հանուն Կորսիկայի դաշինքը» հաղթանակ է տարել՝ հավաքելով ձայների 56,5 տոկոսը: Ազգայնականների մոտակա հետապնդողները՝ կորսիկացի աջերը, երկրորդ տեղն են գրավել 18,20 տոկոս արդյունքով:
Երրորդ տեղում Ֆրանսիայում կառավարող «Առաջ, հանրապետություն» նախագահամետ կուսակցության ներկայացուցիչներն են, որոնց օգտին տրվել է ձայների 12,67 տոկոսը: Ցուցակը եզրափակում են «Հանրապետականները», որոնք հավաքել են ձայների 12,57 տոկոսը:
«Հանուն Կորսիկայի» դաշինքը հաստատել է ընտրությունների՝ մեկ շաբաթ առաջ կայացած առաջին փուլում ձեռք բերած իր հաջողությունները: Այն ժամանակ ազգայնականները՝ Ժիլ Սիմեոնիի գլխավորությամբ, վստահորեն գրավեցին առաջին փուլը՝ հավաքելով ձայների 45,36 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: