Կարեն Կարապետյանը կկարողանա՞ կատարել խոստումը

Նոյեմբերի վերջերին տեղեկություններ տարածվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է 30 գործարարների ու նրանց հորդորել ներդրումներ կատարել տնտեսության մեջ, բացել նոր աշխատատեղեր: Սերժ Սարգսյանից հետո տեղի գործարարների հետ գրեթե նույնաբովանդակ հանդիպում է ունեցել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Իսկ նոյեմբերի 30-ին հրապարակվեց ներդրումների պաշտոնական վիճակագրությունը:

Պարզվեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում ուղղակի ներդրումների չափը կազմել է ընդամենը 120.6 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի է ընդամենը 25.1 մլն դոլարով:

Այդ գումարների առյուծի բաժինն ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ, իսկ տնտեսության մյուս ոլորտներում օտարերկրյա ներդրումները չափազանց քիչ են:

168.am-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ինչու էր Սերժ Սարգսյանը հանդիպել գործարարների հետ, արդյոք իրավիճակն այդքան վա՞տ է, որ նման հանդիպման անհրաժեշտություն էր առաջացել, սակայն Ս.Կարայանը հրաժարվեց պատասխանել:

«Ես չեմ կարող մեկնաբանել նախագահի հանդիպումը: Դա ճիշտ չէ»,- դժկամությամբ ասաց նա:

Մեր հարցին, թե ի՞նչ իրադրություն է ներդրումների հետ կապված, խոստումները կիրականացվե՞ն, Ս.Կարայանը հակիրճ պատասանեց. «Այո, խոստացվածն իրականացվում է, և մենք դրա մասին կտեղեկացնենք»:

Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում էր ապահովել 850 մլն դոլար ներդրումներ: Սուրեն Կարայանն էլ հայտարարել էր, թե դրա ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են, և հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև՝ դեղագործության և սննդի վերամշակման ոլորտներում:

Ի դեպ, դեռևս լռություն է պահպանում նաև Հայաստանի ներդրողների ակումբը, որը ստեղծվեց 2017-ի հունվարին` ունենալով 1 առաքելություն` «ներգրավել վստահելի ներդրողներ և Հայաստանում ձևավորել ներդրումների վստահելի ու կայուն հարթակ, որի միջոցով ներդրողները կարող են նպաստել երկրի տնտեսության զարգացմանը և վերջինիցս ստանալ կայուն ու ազնիվ շահ»: Հայտարարվել էր, որ ներդրողների ակումբը 2017 թ. կիրականացնի 300 մլն դոլարի ներդրումային ծրագրեր: Թե մինչ օրս ի՞նչ է արել ակումբը, պաշտոնական հայտարարություն չկա, իսկ համացանցում ակումբի կայքի էջում բացակայում է որևէ հաշվետվություն:

Գուցե հարկ է սպասել մինչև հաջորդ տարվա հունվար, երբ կամփոփվեն վիճակագրության տարեկան ցուցանիշները, և պարզ կլինի, թե ով ինչ չափով է կատարել խոստումները:

Տեսանյութեր

Լրահոս